Քաղաքական

02.03.2015 14:31


Գյումրեցի տաքսիստները կփակեն փողոցները, եթե խնդրին լուծում չտրվի (լրացված, տեսանյութ)

Գյումրեցի տաքսիստները կփակեն փողոցները, եթե խնդրին լուծում չտրվի (լրացված, տեսանյութ)

Գյումրու կենտրոնական հրապարակում դարձյալ հավաքվել են գյումրեցի տաքսու վարորդները: «ԳԱԼԱ»–ն հայտնում է, որ նրանք դարձյալ հայտարարում են, որ ի վիճակի չեն մեքենաներում հաշվիչ տեղադրել, եւ մտնել հարկային դաշտ:

Գյումրեցի ցուցարարներին առաջարկում են խումբ կազմել, որպեսզի գնան մարզպետարան, եւ իրենց խնդիրը ներկայացնեն: Տաքսիստները, սակայն, հրաժարվում են՝ հայտարարելով.

«Մենք էսքանս այնտեղ գնալու փոխարեն թող իրենք գան: Մեր խմբում չկան լիազոր ներկայացուցիչներ, եւ խումբ կազմել հնարավոր չէ: Մեզ թող տրամադրեն մարզպետարանի դահլիճը, այլապես հրապարակից որեւէ տեղ չենք գնա, եւ պահանջում ենք, որ այստեղ ներկայանան քաղաքի եւ մարզի ղեկավարությունն ու փոխնախարարը»:

Տաքսու վարորդները Շիրակի փոխմարզպետին զգուշացրին, որ եթե հարցին այսօր լուծում չտրվի, իրենք կփակեն քաղաքի կենտրոնական փողոցները եւ քաղաքի մուտքը՝ Երեւան-Գյումրի ճանապարհը:

Գյումրիի քաղաքապետարանի նիստերի դահլիճում տեղի է ունեցել գյումրեցի տաքսու վարորդների եւ ՀՀ տրանսպորտի եւ կապի նախարարության աշխատակիցների հանդիպումը: Նախ տաքսիստները պահանջեցին ներկայացնել, թե ինչպես է հաշվարկվել հաստատագրված գումարը: «Ո՞ր խելացի տնտեսագետն է ձեր միջից հաշվարկ արել, որ գտել եք, որ մենք կարող ենք համ մեր ընտանիքը պահել, համ հաշվիչ տեղադրել, համ էլ ձեզի փող տալ»:

Գագիկ Բեգլարյանի տեղակալ Արամ Արսենյանը պարզաբանեց, որ իրենք հանդիպել են Երեւանում աշխատող վարորդների հետ եւ եկել այն եզրահանգման, որ տաքսիստի միջին հասույթը կազմում է 3000-5000 դրամ եւ որ այդ գումարի 10 տոկոսը նրանք պարտավոր են վճարել պետբյուջե:

Հավելենք, որ դժգոհ որոշ տաքսիստներ լքեցին քաղաքապետարանի նիստերի դահլիճը՝ հայտարարելով. «Սրանք մեր հարցը լուծող չեն, մենք կլուծենք՝ ինչպես գիտենք»:

Մանրամասները՝ «ԳԱԼԱ»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը