Հարցազրույց

02.03.2015 12:25


Նաիրա Զոհրաբյան. «ԲՀԿ-ն ներկուսակցական լրջագույն խնդիրներ ունի քննարկելու»

Նաիրա Զոհրաբյան. «ԲՀԿ-ն ներկուսակցական լրջագույն խնդիրներ ունի քննարկելու»

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության արտահերթ համագումարի, մամուլում շրջանառվող լուրերի, կուսակցության ղեկավարի փոփոխության ու կուսակցությունից արտահոսքի մասին «Aysor.am»-ը զրուցեց ԲՀԿ քաղխորհրդի անդամ, ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանի հետ:

-Տիկի՛ն Զոհրաբյան, թեև ԱԺ վերջին քառօրյայի ժամանակ ԲՀԿ-ի բոյկոտից հետո Դուք հայտարարեցիք, որ մինչև կուսակցության համագումարը թե՛ Դուք, թե՛ Ձեր կուսակից ընկերները որևէ հարցի չեք պատասխանելու, այդուհանդերձ, մամուլում ԲՀԿ-ի վերաբերյալ շարունակ տարատեսակ տեղեկատվություն է հրապարակվում: Մասնավորապես, որ կուսակցությունից արտահոսքը շարունակվելու է, և հեռանալու է նաև, օրինակ, Տիգրան Ուրիխանյանը, որը հրաժարվել է կուսակցության խոսնակի իր պարտականություններից: Նույնը շրջանառվում է նաև Մարտուն Գրիգորյանի մասով: Ինչպե՞ս կմեկնաբանեք այս լուրերը:

-Ես նորից ուզում եմ կրկնել, որ բոլոր հարցերի սպառիչ պատասխանները կստանաք ԲՀԿ համագումարի ժամանակ և համագումարից հետո, երբ ես ու իմ որոշ գործընկերներ կպատասխանենք լրատվամիջոցների հարցերին:

Տիգրան Ուրիխանյանի հեռանալու մասին լուրերի վերաբերյալ կարող եմ ասել, որ գործընկերս՝ որպես մեր կուսակցության նվիրյալ անձերից մեկը, այս պահին ևս՝ մեր զրույցի ընթացքում, շատ ակտիվորեն զբաղված է համագումարի նախապատրաստական աշխատանքներով. Տ. Ուրիխանյանը շարունակում է մնալ կուսակցության հասարակայնության հետ կապերի պատասխանատուն: Այնպես որ, մամուլում շրջանառության մեջ դրված նման լուրերը ուղղակի անհեթեթություն են:

Ինչ վերաբերում է իմ գործընկեր Մարտուն Գրիգորյանի` կուսակցությունը լքելու վերաբերյալ լուրերին, ապա կարծում եմ, որ այդ հարցը ճիշտ է ուղղել հենց իրեն:

-Մամուլում նաև Ձեր անձի հետ կապված որոշ հրապարակումներ եղան…

-Դուք շատ լավ գիտեք իմ` լրագրողների հետ հարաբերությունների մասին, որովհետև, ինչպես ասում են, նախկին լրագրող չի լինում: Ես հրաշալի գիտեմ, թե ով և ովքեր են նման կարգի անպարկեշտ տեղեկատվություն «Facebook»-ում իրենց «ֆեյքերի» միջոցով տարածում, իսկ հետո կոնկրետ կայքերը այդ ապատեղեկատվությունը տեղադրում են իրենց էջերում: Ես անուն առ անուն գիտեմ նրանց, բայց ուղղակի մեծ արգահատանքով ու արհամարհանքով եմ վերաբերում այդ մարդկանց, որոնց, կրկնում եմ, հրաշալի գիտեմ: Ես չեմ պատրաստվում նրանց նույն կերպ արձագանքել կամ պատասխանել, չնայած դրա բոլոր հնարավորությունները ես ունեմ:

Մենք հիմա շատ ավելի կարևոր խնդրով ենք զբաղված` պահել կուսակցությունը, պահել կուսակցության սկզբունքներն ու ծրագրերը, իսկ թե ով ինչ է արել երեկ, ինչ է անում այսօր և ինչ է փորձելու անել վաղը կամ մյուս օրը մամուլում, որ ինձ համար միանգամայն կանխատեսելի է, անկեղծ ասած, ինձ բացարձակապես չի հետաքրքրում:

-Տիկի՛ն Զոհրաբյան, այդ լուրերի շարքում համառորեն խոսվում է նաև, որ «Բարգավաճ Հայաստանի» ղեկավարի փոփոխություն է նախատեսվում` Գ. Ծառուկյանը հրաժարվելու է նախագահի պաշտոնից ու որպես հիմնական թեկնածու՝ Ձեր անունն է շրջանառվում:

-Ես ինձ թույլ չեմ տա Գագիկ Ծառուկյանի փոխարեն խոսել: Գագիկ Ծառուկյանն այնքան ավանդ ունի մեր երկրում, որ թույլ տվեք, որ Գ. Ծառուկյանն ինքն իր ելույթում ամեն ինչ ասի, և ինքը կայացնի իր որոշումը: Իսկ ինչ վերաբերում է նախագահի հնարավոր թեկնածուներին, ապա մեր կուսակցությունում շատ արժանի մարդիկ կան, բայց, կրկնում եմ, որոշումը կկայացվի համագումարում:

-Այս պահին «Բարգավաճ Հայաստանը» Ազգային ժողովում ունի չորս մշտական հանձնաժողով: Լուրեր կան, որ եթե կուսակցությունից արտահոսքը շարունակվի, ապա հնարավոր է՝ հանձնաժողովների թիվը պակասի:

-Ես հույս ունեմ, որ կուսակցությունից արտահոսք չի լինի, բայց եթե անգամ լինի, ապա նման հույսեր փայփայողներին կրկին խորհուրդ եմ տալիս կարդալ ԱԺ կանոնակարգ օրենքի 1.1 դրույթը, որտեղ հստակ նշված է, որ հանձնաժողովները ձևավորվում են նորընտիր խորհրդարանի առաջին նիստում: Այսինքն, եթե տեսականորեն անգամ ընդունենք, որ ԲՀԿ-ում մնա տասը պատգամավոր, ապա ԲՀԿ-ն, միևնույն է, շարունակելու է ունենալ չորս մշտական հանձնաժողով մինչև այս ԱԺ գումարման ավարտը: Սա փաստ է, և սա՛ է օրենքի դրույթը:

Իսկ նրանց, ովքեր նման հույսեր են փայփայում, կամ ուղղակի օրենքին չեն տիրապետում, կրկին խորհուրդ եմ տալիս ընթերցել ԱԺ կանոնակարգ օրենքը… չնայած, որպես պատգամավորներ՝ իրենք պարտավոր էին դա հրաշալի իմանալ:

Մանրամասները՝ «Aysor.am»–ում։

Այս խորագրի վերջին նյութերը