Քաղաքական

01.03.2015 16:40


ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի ելույթը հանրահավաքում (տեսանյութ)

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանի ելույթը հանրահավաքում (տեսանյութ)

«Հայոց պատմության մեջ մարտի 1-ը ցավալիորեն արձանագրվել է որպես հայ ժողովրդի ազատության եւ հայկական ժողովրդավարության գնդակահարման օր, երբ առաջին անգամ հայ իշխանությունը կրակեց սեփական ժողովրդի վրա՝ սպանելով պայքարի մեր ընկերներին եւ արյան մեջ խորտակելով ազատության ու ինքնիշխանության համար պայքարը։

Փետրվարի 20-նը խորհրդանշում է մեկ այլ, լուսավոր գաղափար՝ 1988-ի համաժողովրդական Շարժման եւ զարթոնքի սկիզբը, երբ հայ ժողովուրդը առաջին անգամ հավաքվեց Թատերական հրապարակում՝ վերածելով այն Ազատության հրապարակի, ձեւավորեց իր միասնական քաղաքական կամքը եւ ձեռքը վերցրեց սեփական ճակատագրի տնօրինումը։

Պատահական չէ, որ փետրվարի 20-նն էր ընտրված Հայ ազգային կոնգրեսի, Բարգավաճ Հայաստան եւ Ժառանգություն կուսակցությունների համատեղ հանրահավաքի համար, որը կոչված էր լուծելու Սերժ Սարգսյանի ռեժիմի հեռացման հարցը։Եւ դուք բոլորդ ականատես եք, թե ինչքան էր ոգեւորված մեր ամբողջ ժողովուրդը չկայացած այդ հանրահավաքի նախօրեին։ Տեսնելով ժողովրդի հենց այդ ոգեւորությունն ու վճռականությունը՝ Սերժ Սագսյանը հասկացավ, որ փետրվարի 20-ի հանրահավաքի օրը ո՛չ միայն Ազատության հրապարակը, այլ նաեւ հարող փողոցները լցվելու են պահանջատեր ժողովրդով։ Նրան ոչ ոք չէր օգնելու. մարդկային ծովի դեմ չէին աշխատի ո՛չ ուժային կառույցները, ո՛չ երիտհանրապետական խունվեյբինները եւ ո՛չ էլ հոգեհարազատ կրիմինալը։ Ահա այս վիճակում է, որ Սերժ Սարգսյանը լայնածավալ ահաբեկչություն սկսեց ԲՀԿ-ի դեմ եւ գլխատեց նրա կազմակերպական ռեսուրսը՝ ըստ էության տապալելով ընդդիմության այդ օրերի ծրագիրը։ Սերժ Սարգսյանը, սակայն, չի հասկացել կարեւոր մի բան՝ որ թեեւ ինքը կարող է ինչ-որ քաղաքական ուժեր շարքից դուրս հանել, բայց դա չի փոխում գլխավոր իրողությունը. ժողովուրդը իր վճիռը արդեն կայացրել է՝ Սերժ Սարգսյանը եւ իր վարչախումբը պետք է հեռանան։

Այսօր մենք այստեղ հավաքվել ենք ոչ միայն պայքարի մեր ընկերների հիշատակը հարգելու եւ նրանց արյունը թափած բռնապետության դեմ ըմբոստանալու համար, այլ նաեւ մեր հետագա անելիքները որոշելու համար։ Ստեղծված նոր վիճակում ճիշտ ռազմավարություն ընտրելու համար պետք է հասկանալ հակառակորդի, այսինքն՝ իշխող ռեժիմի ռեսուրսները եւ ծրագրերը։ Չնայած փետրվարի 20-ի հանրահավաքի տապալմանը եւ այդ պատճառով ընդդիմության եւ ժողովրդի որոշ հատվածում առաջացած շփոթի, Սերժ Սարգսյանի ռեժիմը հայտնվել է երկու կրակների արանքում։

Մի կողմից՝ իշխանությունը սուզել է երկիրը կառավարման ահավոր մի ճգնաժամի մեջ, որը մենք բոլոր մանրամասներով եւ թվերով ներկայացրինք Ազգային ժողովի վերջին քառօրյայի ընթացքում, եւ բոլորդ համոզվեցիք, որ մեր փաստարկներին նրանք, բացի անմակարդակ անձնական հարձակումներից, ոչ մի պատասխան չունեին։ Արտաքին միջազգային ֆինանսավորում այլեւս չկա. ոչ ոք չի ֆինանսավորի գողերին, ովքեր խեղդում են երկիրը ապօրինի մենաշնորհներով եւ տարեկան մեկուկես միլիարդ դոլար ապօրինաբար երկրից դուրս են հանում։ Տրանսֆերտները Ռուսաստանից 40 տոկոսով ընկել են։ Բնակչությունը սրընթաց աղքատանում է, նվազել է նրա գնողունակությունը, աճում է գործազրկությունը։ Դրամի արժեքը պահում են միայն վարկավորման բարձր տոկոսներով։ Տնտեսությունը քանդվում է, բիզնեսները փակվում են, գյուղացիները մնացել են վարկային բեռի տոկոսների տակ։ Սերժ Սարգսյանի օրոք երկրից փախել է արդեն 300 հազար մարդ։Մարդիկ ուղղակի չգիտեն՝ ոնց կերակրեն իրենց երեխաներին։ Հասունանում է սոցիալակն բունտը։ Ոտքի են ելել տաքսիստները, նաիրիտցիները, գյուղացիները, ազատամարտիկները, գազի, էլեկտրաէներգիայի եւ տրանսպորտի գների բարձրացման դեմ պայաքարող քաղաքացիական ակտիվիստները, դժգոհ են արտադրողները եւ արտահանողները։ Չկա հասարակության մի հատված կամ շերտ, որ հայտնված չլինի ռեժիմի կեղեքիչ հարվածների տակ։ Վտանգած է երկրի պաշտպանությունը եւ Ղարաբաղը։

Մյուս կողմից՝ Սերժ Սարգսյանը հայտնվել է «կաղ բադիկի» կարգավիճակում։ «Կաղ բադիկը» հայհոյանք չէ, այլ ընդունված քաղաքագիտական տերմին։Այդպես են անվանում այն նախագահներին, ովքեր պաշտոնավարման երկրորդ ժամկետում են, եւ սահմանադրությունը արգելում է երրորդ անգամ նախագահ ընտրվել։ Նման վիճակում «կաղ բադիկի» քաղաքական հենարանը հայտնվում է նոր հովանավորի կամ նոր «պապայի» փնտրտուքի մեջ, եւ նրա իշխանությունը աստիճանաբար թուլանում է։ Սերժ Սարգսյանը հասկանում է, որ եթե շատ արագ համոզիչ ձեւով չլուծի սահմանադրական փոփոխությունների հարցը եւ չբացի իր անձնական իշխանության՝ երրորդ ժամկետով վերարտադրման դուռը, ապա իր իշխանությունը, որն առանց այդ էլ թուլացել է՝ նկատի ունենալով երկրի խորը ճգնաժամը, ուղղակի կփլուզվի։ Նա հասկանում է, որ եթե Հայաստանում մնա գեթ մեկ դիմադրող քաղաքական ուժ, որը կարող է կազմակերպել հանրության պայքարը վերարտադրման դեմ, ապա գոյություն ունեցող ճգնաժամի եւ սոցիալական ըմբոստության պայմաններում սահմանադրական փոփոխությունների գործընթացը վերածվելու է Սերժ Սարգսյանի ռեժիմի նկատմամբ անվստահության հանրաքվեի եւ նրա փլուզմանը։

Սա է պատճառը, որ Սերժ Սարգսյանը կատաղի պայքար է մղում սահմանադրությունը փոփոխելու համար, սա է պատճառը, որ նա պատրաստ է ագրեսիվորեն ոչնչացնել ցանկացած քաղաքական ուժի, որը խոչընդոտում է այդ ծրագրի իրականացմանը։ Սա է՝ ԲՀԿ-ի եւ Գագիկ Ծառուկյանի վրա կատաղի ավազակային հարձակաման պատճառը։ Եւ սա է պատճառը, թե ինչո՞ւ է Սերժ Սարգսյանը երազում փոխարինել միակ դիմադրության օջախ մնացած Հայ ազգային կոնգրեսին այնպիսի «նշանակովի» դհոլային ընդդիմությամբ, որը որեւէ կերպ չի խանգարի նրան անցկացնել սահմանադրական փոփոխությունները։

Այստեղից էլ բխում է մեր ռազմավարությունը. պահպանել համազգային դիմադրությունը ընդդեմ ռեժիմի, միավորել ամբողջ ժողովրդին սահմանադրական փոփոխություններին դիմակայելու խնդրում, շարունակել հանրահավաքային ճնշումը, պայքարել մեր օրինական իրավունքների համար՝ բոլոր ոտնձգությունների դեմ։

Խնդիրը շատ պարզ է. եթե մենք պահպանում ենք կազմակերպված դիմադրությունը, Սերժ Սարգսյանը հեռանում է։ Հարցը հենց այսպես է դրված. ո՞վ ո՞ւմ հախից կգա։ Թո՞ւյլ ենք տալու, որ Սերժ Սարգսյանի վարչախումբը շարունակի Հայաստանից հեռացնել հայ ժողովրդին։ Ավելի լավ չի՞՝ հայ ժողովուրդը ինքը հեռացնի այդ կեղեքիչ վարչախմբին։ Կեցցե՛ք։ Ուրեմն, էլ ավելի վճռական ՊԱՅՔԱ՛Ր, ՊԱՅՔԱ՛Ր ՄԻՆՉԵՒ ՎԵՐՋ»։

Աղբյուրը՝ ilur.am

Այս խորագրի վերջին նյութերը