Լրահոս

01.03.2015 12:21


Մարտի 1-ը քաղպաշտպանության համաշխարհային օրն է

Մարտի 1-ը քաղպաշտպանության համաշխարհային օրն է

Մարտի 1-ին միջազգային հանրությունը նշում է Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օրը: Այդ կապակցությամբ Հայաստանի մարզերում և մայրաքաղաք Երեւանում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ` բաց դասեր, ուսումնավարժություններ, տարհանումներ:

Քաղաքացիական բնակչության պաշտպանության հարցը հատկապես սրվում է պատերազմական իրավիճակներում։ Առաջինը դա գիտակցեց ֆրանսիացի վիրաբույժ, գեներալ Սանտ Պոլը, որը 1931 թ. Փարիզում հիմնեց «Ժնեւյան գոտիներ» ասոցիացիան։ Նպատակն էր առանձնացնել չեզոք գոտիներ կամ բաց քաղաքներ, որտեղ պատերազմների ժամանակ կարող էր ապաստանել քաղաքացիական բնակչությունը։

1936 թ. Իսպանիայում քաղաքացիական պատերազմի, իսկ հետո 1937 թ. Ճապոնիայի ու Չինաստանի միջև կոֆլիկտի ժամանակ ասոցիացիայի ակտիվ գործունեությունը թույլ տվեց Իսպանիայի Մադրիդ և Բիլբաո, ինչպես նաեւ Չինաստանի Շանհայ ու Նանկին քաղաքներում քաղաքացիական բնակչության համար ստեղծել չեզոք գոտիներ։

1958 թ. «Ժնեւյան գոտիներ» միջազգային ասոցիացիան վերածվեց քաղաքացիական պաշտպանության միջազգային կազմակերպության (ՔՊՄԿ)։ Դրա խնդիրները զգալիորեն ընդլայնվեցին` քաղաքացիական պաշտպանության ազգային կազմակերպությունների միջեւ կապերի հաստատում, բնակչության պաշտպանության բնագավառում ուսումնասիրությունների անցկացում, փորձի փոխանակման կազմակերպում, արտակարգ իրավիճակներում կանխմանը, պատրաստությանն ու գործողություններին ուղղված ջանքերի համակարգում։

1972 թ. ՔՊՄԿ անդամ-պետությունների ներկայացուցիչները հաստատեցին կազմակերպության կանոնադրության ժամանակակից տեքստը: Այն ուժի մեջ մտավ 1972 թ. մարտի 1-ին, և կազմակերպությանը տրվեց միջազգային միջկառավարական կազմակերպության կարգավիճակ: Մարտի 1-ը սահմանվեց Քաղաքացիական պաշտպանության համաշխարհային օր:

1994 թ. ապրիլից Հայաստանի Հանրապետությունը ևս ՔՊՄԿ անդամ է: Այս տարի ՔՊ համաշխարհային օրվա կապակցությամբ շաբաթվա ընթացքում ՀՀ տարածքում անցկացվելու են 80-ից ավելի տարաբնույթ վարժանքներ:

ՀՀ ՏԿԱԻՆ

Այս խորագրի վերջին նյութերը