Քաղաքական

29.01.2011 12:31


Սերժ Սարգսյանը ցուցարարների հետ խոսել է ճաղերի հետևից

Սերժ Սարգսյանը ցուցարարների հետ խոսել է ճաղերի հետևից

Արդեն երկու շաբաթ է, ինչ Երևանի նորանշանակ քաղաքապետի համապատասխան որոշման համաձայն Երևանում արգելվել է բացօթյա առևտուրը։ Առևտրականները, սակայն, չեն հաշտվել այս մտքի հետ ու օրեր շարունակ բողոքի գործողություններ են իրականացնում՝ պահանջելով իրենց չզրկել հաց վաստակելու հնարավորությունից։

Հունվարի 27-ին մի խումբ ցուցարարներ հավաքվել էին նախագահի նստավայրի մոտ ու փորձում էին քաղաքապետի որոշումը չեղյալ հայտարարելու մասին խնդրանքով դիմում ներկայացնել նախագահին։

«7օր»-ի հետ զրույցում ցույցերի գործուն մասնակից Գայանե Հովհաննիսյանը պատմել է, որ նախագահ Սերժ Սարգսյանն իրենց այդպես էլ չի մոտեցել, այլ անցել ու գնացել է։ Իսկ 5 ցուցարարից բաղկացած պատվիրակությունը հրավիրվել է նախագահի նստավայր։

-Այնտեղ մեզ ասացին, որ դիմումը կնայեն ու պատասխան կտան, իսկ նայելուց հետո էլ ասացին, թե այս հարցին միայն Երևանի քաղաքապետարանը կարող է պատասխանել, և որ քաղաքապետարանը յոթ օրվա ընթացքում կտա այդ պատասխանը,-նշել է Գայանե Հովհաննիսյանը։

Նա նաև տեղեկացրել է, թե իրենք չեն սպասելու ու երկուշաբթի ժամը 13։00-ին դարձյալ հավաքվելու են քաղաքապետարանի մոտ՝ բողոքի գործողություն իրականացնելու։

Ի դեպ, նշենք, որ նույն հունվարի 27-ին' ազգային բանակի կազմավորման 19-ամյակի առիթով պարգևատրված զինվորականների հետ նախահագական նստավայրի բակում լուսանկարվելուց հետո, Սերժ Սարգսյանը մոտեցել է նստավայրի դիմաց բողոքի գործողություն իրականացնող' վերջին տարիներին բանակում խաղաղ պայմաններում զոհված զինվորների մայրերին։ Ու թեև զոհվածների մայրերը զարմացել են Սերժ Սարգսյանի այդ քայլից, սակայն իրավիճակն այնքան էլ գեղեցիկ չի եղել։ ՀՀ նախագահն իր երկրի քաղաքացիների հետ զրուցել է դարպասների ճաղերի հետևից՝ անվտանգության աշխատակիցների խիստ հսկողության ներքո։

Տեղեկություններ կան, թե տեսարանն այնքան տգեղ է եղել, որ նախագահականից հեռուստաընկերություններին խիստ հրագանգվել է այդ կադրերը չցուցադրել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը