Լրահոս

25.02.2015 15:30


«Ինչո՞ւ հենց ի՛մ տունը, ի՛մ հարազատները....»

«Ինչո՞ւ հենց ի՛մ տունը, ի՛մ հարազատները....»

«Ես ամեն օր քնելուց առաջ սպասում եմ, որ կզանգեն, ինձ մի բան կասեն... Ինձ պետք է իմանալ՝ ինչո՞ւ հենց ի՛մ տունը, ի՛մ հարազատները....»,–այսօրվա ասուլիսին ասել է Գյումրիում սպանված Ավետիսյանների ընտանիքի իրավահաջորդը՝ Լուսինե Ավետիսյանը։ Ավետիսյանների դուստրը բացառել է Պերմյակովի հետ իր ընտանիքի անդամների կապը, ինչպես նաև՝ ջուր խմելու վարկածը։ Լուսինեն նաև հայտնել է, որ ողբերգության օրը տնից արժեքավոր իրեր չեն տարել.

«Քրոջս ու մորս զարդերը տեղում են եղել»։

Լուսինեի ամուսինը՝ սպանված Սերյոժա Ավետիսյանի իրավահաջորդ Եգոր Ադամյանը, հայտնել է, որ ինքը քննիչներից լսել է, որ Պերմյակովի մոտից հայտնաբերված հեռախոսներից մեկը պատկանել է Հասմիկ Ավետիսյանին, մյուսը՝ Արմեն Ավետիսյանին. երրորդ հեռախոսի պատկանելության մասին բան չգիտի։

Ավետիսյանների իրավահաջորդները նշել են, որ գործի վերաբերյալ տեղեկատվության պակաս ունեն, և որևէ նորության ծանոթանում են միայն լրատվամիջոցների հրապարակումներից.

«Մինչ այսօր մենք շատ հարցերի պատասխաններ դեռևս չունենք՝ արդյոք Պերմյակովը մենա՞կ է եղել այդ օրը, թե՞ ոչ»,–ասել է Ավետիսյանների դուստրը։

Իրավահաջորդների փաստաբան Երեմ Սարգսյանն էլ ասել է, որ փորձ է արվում գործի քննությունը բուն ընթացքից շեղել:

«Ուրիշ փաստաբաններ դիմել են Ավետիսյանների հարազատներին իմ ծառայություններից հրաժարվելու համար. ես չգիտեմ՝ ում է դա ձեռնտու, և ինչու են ինձ փորձում գործից հեռացնել»,- ասել է Սարգսյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը