Տնտեսական

20.02.2015 13:14


«Նաիրիտ»–ի հարյուրավոր աշխատակիցներ շարժվել են դեպի Բաղրամյան 26 (լրացված)

«Նաիրիտ»–ի հարյուրավոր աշխատակիցներ շարժվել են դեպի Բաղրամյան 26 (լրացված)

«Նաիրիտ» գործարանի հարյուրավոր աշխատակիցներ երթով Կառավարության շենքից շարժվել են ՀՀ նախագահական նստավայր։ Արդեն նախկին աշխատողները պահանջում են վերջնահաշվարկ անել և մարել աշխատավարձերի կուտակված պարտքը։

Ինչպես ավելի վաղ գրել էինք, Կառավարությունից մինչև այսօր ժամանակ էին խնդրել աշխատավարձերի պարտքի մարման ժամանակացույցի տարբերակներ փնտրելու համար։

«Մենք չենք ուզում դառնալ գաղթական», «Պաշտպանե՛ք ՀՀ քաղաքացու ապրելու և աշխատելու սահմանադրական իրավունքը», «Կառավարությունը «Նաիրիտին» պարտք է 5 մլրդ դրամ» և այսբովանդակ այլ պաստառներով կրճատված աշխատակիցները եկել են պատասխանի հետևից, սակայն Կառավարությունից այդպես էլ չեն ընդունել նրանց։

Հիշեցնենք՝ փետրվարի 6-ին կրճատվել է «Նաիրիտի» 1700 աշխատակից։ Տարբեր հաշվարկներով՝ գործարանն աշխատողներին պարտք է 18 ամսվանից մինչև երկու տարվա հասնող աշխատավարձ։ ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանն էլ հավաստիացրել էր, որ մինչև փետրվարի 25–ը նաիրիտցիներին կվճարվի մեկ ամսվա աշխատավարձ։

Նախագահականում նաիրիտցիների 6–հոգանոց խմբին է հանդիպել նամակների ընդունման բաժնի պետ Աիդա Ասատրյանը և առաջարկել քննարկել աշխատավարձերի պարտքի մարման ժամանակացույցը, այնուհետև ուղարկել ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարություն։ Նաիրիտցիները վստահեցրել են՝ եթե երկուշաբթի նորից պատասխան չստանան, վերսկսելու են ցույցերը, ապա աստիճանաբար ցրվել են։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը