Տնտեսական

18.02.2015 13:24


Հրաչ Բերբերյան. «Բանկերը չարաշահում են վարկային ռեսուրսը»

Հրաչ Բերբերյան. «Բանկերը չարաշահում են վարկային ռեսուրսը»

Այսօրվա ասուլիսին Ագրարագյուղացիական միության նախագահ Հրաչ Բերբերյանն ասել է, որ այս տարի գյուղացիները պետք է հատկապես ուշադրություն դարձնեն բանջարեղենի՝ լոլիկի, սմբուկի, պղպեղի մշակմանը, որը վերջին տարիներին հետընթաց է ապրել։

Բերբերյանի կանխատեսումներով՝ այս տարի եղանակային բարենպաստ պայմանների շնորհիվ պտղաբուծությունը ևս կզարգանա։ Այդ ոլորտի ամնեակարևոր խնդիրն, ըստ նրա, ոռոգումն է։

«2005թ-ին մի օրենք է ընդունվել, որտեղ նշված է, որ գյուղապետերը չեն կարող մասնակցել ՋՕ-երի խորհրդի նիստերին, այսինքն՝ մեկուսացրել են գյուղացուն։ Իսկ 2011թ-ին էլ օրենք են ընդունել, որ Ջրառը ջուր կարող է վաճառել միայն ՋՕ-երին։ Այդ պատճառով հազարավոր գյուղացիներ դատի տակ են. նույն միության անդամ գյուղատնտեսներին ՋՕ-ն դատի է տալիս»,–ասել է բանախոսը։

Բերբերյանի խոսքերով՝ բարդ է նաև բանկերի հետ գյուղատնտեսների հարաբերության հարցը։

«Բանկերը հիմնականում առաջարկում են արտարժույթով վարկեր, իսկ գյուղացին էլ չի համաձայնում. ձեռնտու չի։ Բանկերը չարաշահում են վարկային ռեսուրսը»։

Ինչ վերաբերում է ԵՏՄ-ի կազմում գյուղմթերքների արտահանման հարցին, Բերբերյանը նշել է, որ արտահանման ծավալները կաճեն. պարզապես պետք է վերացնել փաստաթղթաշրջանառության երկար և դժվարին ճանապարհը.

«Եթե ծիրանի բերքը կայուն լինի, ապա ծիրան կարտահանենք, արդեն 3-րդ տարին է, որ կարտոֆիլ ենք արտահանում, և, ինչու չէ, կսկսենք նաև թարմ բանջարեղեն արտահանել, քանի որ այստեղ ևս լուրջ ապագա ենք տեսնում»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը