Լրահոս

18.02.2015 11:52


Կարեն Ճշմարիտյանն ընդունել է «Honeywell» ընկերության ներկայացուցիչներին

Կարեն Ճշմարիտյանն ընդունել է «Honeywell» ընկերության ներկայացուցիչներին

ՀՀ էկոնոմիկայի նախարարության լրատվական ծառայության փոխանցմամբ՝ նախօրեին էկոնոմիկայի նախարար Կարեն Ճշմարիտյանը հանդիպել է կառավարման և ավտոմատացման էլեկտրոնային համակարգերի մշակման ոլորտում մասնագիտացված ամերիկյան «Honeywell» ընկերության ներկայացուցիչների հետ:

Նախարարը ողջունել է այդ ոլորտում հնարավոր համագործակցությունն ընկերության հետ:

«Honeywell» ընկերության փոխնախագահ Արթուր Սիմոնետտին ասել է, որ ընկերության կողմից առաջարկվող նորարարական լուծումները ներկայումս լայնորեն կիրառվում են տնտեսության տարբեր բնագավառներում, մասնավորապես, էներգետիկայի, բնապահպանության, առողջապահության, պաշտպանության, տիեզերական, քիմիական արդյունաբերության, ավիացիայի, տրանսպորտի և այլ ոլորտներում: Նա նաև նշել է, որ «Honeywell» ընկերությունը ձգտում է ակտիվացնել իր գործունեությունը Հայաստանում, և այդ նպատակով որպես առաջին քայլ՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի և ընկերության միջև ստորագրվել է պայմանագիր, որի համաձայն՝ «Honeywell»-ը անհատույց նվիրում է 100 ակադեմիական լիցենզավորված ծրագիր։

Ծրագրերից օգտվողները կարող են հեշտությամբ յուրացնել և փոխանցել տեխնոլոգիական գործընթացի գիտելիքները, ինչպես նաև այդ ծրագրերի շնորհիվ ուսանողները կարող են ձեռք բերել «Honeywell»-ի չափանիշներին ու պահանջներին համապատասխան գիտելիքներ և հետագայում աշխատել ընկերության հետազոտական կենտրոններում։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև հնարավոր համագործակցության նոր ծրագրերը էներգախնայողության, ինովացիոն քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը