Լրահոս

17.02.2015 10:06


Տիգրան Ուրիխանյան. «Ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե տեղի է ունենում հերթական գործողությունը»

Տիգրան Ուրիխանյան. «Ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե տեղի է ունենում հերթական գործողությունը»

Ինչպես տեղեկացրել էինք, իշխանություններն անցել են բոլոր սահմանները, և սկսել են բացահայտ ահաբեկչական գործողություններ իրականացնել ԲՀԿ–ական անդամների դեմ:

«7օր»–ի հետ զրույցում ԲՀԿ մամուլի խոսնակ Տիգրան Ուրիխանյանը դժվարացել է կոնկրետ որևէ թիվ նշել, թե երեկվանից բերման ենթարկվածները քանիսն են։

–Օրը նոր է բացվել, տեղեկությունները ճշտվում են, բայց ամեն օր, ամեն ժամ, ամեն րոպե տեղի է ունենում հերթական գործողությունը։ Այդ «գործողություն» ասածի տակ պատկերացնում ենք իրավունքների խախտումներ, քաղաքական հաշվեհարդար, և, առհասարակ, իշխանությունները, որոնք խոսում են բարեկրթությունից, քաղաքավարությունից, ցիվիլ կենսագործունեությունից, քաղաքական մրցակցությունից, արդեն անցել են ատելության ու թշնամանքի ճանապարհով գործողություններ իրականացնելուն,–ասել է Տ. Ուրիխանյանը։

Այսօր ձևավորվելու է իրավական աջակցության օպերատիվ կենտրոնը, որն էլ օրվա ընթացքում պարբերաբար տեղեկություններ կտրամադրի։

–Եթե որևէ մեկը սպասում էր, որ քաղաքավարությունից և քաղաքակրթությունից խոսողները պիտի քաղաքավարի և քաղաքակիրթ կերպով բովանդակային քաղաքական պայքարի հարթության մեջ իրենց գործողություններն իրականացնեին, ապա չարաչար սխալվում էին։ Ես հորդորում եմ, որպեսզի մեր բոլոր կողմնակիցները ոչ մի կերպ չվարանեն, չվհատվեն. բոլորին հոգու տոկունություն, ուժ և է՛լ ավելի միասնական, համախմբված պայքար,–հավելել է ԲՀԿ մամուլի խոսնակը։

Մեր հարցին՝ հնարավո՞ր է՝ նման բռնարարքներով իշխանություններին հաջողվի ճնշել փետրվարի 20–ին՝ ժամը 16։00–ին, Ազատության հրապարակում հրավիրված համազգային հավաքը, Տ. Ուրիխանյանը պատասխանել է.

–Վստահ եմ, որ փետրվարի 20–ի հավաքն արդեն ոչ թե ԲՀԿ–ն կամ «եռյակն» են կազմակերպում, այլ ժողովուրդն ի՛նքն է կազմակերպում։ Դա ժողովրդական պահանջ է՝ բացարձակ մեծամասնության։ Բնակչության 99,9 տոկոսի պահանջն է։ Այս հանրահավաքն արդեն ժողովրդական պահանջ ու պարտադրանք է։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը