Կարծիք

16.02.2015 22:05


Էդվարդ Անտինյան. «Չի կարելի գործն արյունահեղության հասցնել»

Էդվարդ Անտինյան. «Չի կարելի գործն արյունահեղության հասցնել»

ՉԻ ԿԱՐԵԼԻ ԳՈՐԾՆ ԱՐՅՈՒՆԱՀԵՂՈՒԹՅԱՆ ՀԱՍՑՆԵԼ. ՍԱՐԳՍՅԱՆԸ ԿՈՐՑՐԵԼ Է ԻՐԱՎԻՃԱԿԸ ՍԹԱՓ ԳՆԱՀԱՏԵԼՈՒ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ

Փետրվարի 12-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց քաղաքացիական պատերազմ սկսելու իր մտադրության մասին։ Հաջորդ օրը Ծառուկյանն ընդունեց մարտահրավերը, դա հաստատեցին «եռյակի» անդամ կուսակցությունները, և, դատելով երկրի մթնոլորտից, գրեթե ողջ ժողովուրդը: Մի կողմում Սարգսյանն ու իր նեղ շրջապատն է, ինչպես նաև «մահապարտի» կարգավիճակում հայտնված շակալները, իսկ մյուս կողմում՝ Ծառուկայնն է, իր քաղաքական գործընկերները և, ինչպես նշեցի, գրեթե ողջ ժողովուրդը։

Լարվածություններ ու բախումներ շատ ենք տեսել, բայց՝ ոչ քաղաքացիական պատերազմ, ինչո՞ւ այս անգամ այսպես ստացվեց: Քանի որ Սարգսյանը ոչ միայն հակասահմանադրական հանձնարարականներ տվեց, այլև՝ մարդկային ու բարոյական բոլոր նորմերը խախտեց, երբ հրահանգեց մտնել քաղաքական օպոնենտների տներ, ունեզրկել ու կալանավորել ոչ միայն նրանց, այլև ընտանիքի անդամներին ու մերձավորներին, քանի որ գաղտնիք չէ, թե շատերի բիզնեսներում ովքեր են ներգրավված: Դրանից ոգևորված իշխանական թիմից առաջարկեցին Ծառուկյանի տունը բռնագրավել ու թանգարան դարձնել: Իսկ սրան նախորդած բռնարարքներն էլ այնքան շատ են, որ բոլորը թվարկել հնարավոր չէ:
Արդեն ընդդիմությունից էլ պատասխան հայտարարություն է հնչել, իսկ ազատամարտիկներն էլ մեկը մյուսից հաշիվ է պահանջելու:

Ես գիտեմ, թե ինչի համար եմ կյանքս վտանգում՝ որպեսզի չդառնանք Սարգսանի ստրուկը, իսկ իմ Հայաստանը չդառնա «շակալստան», բայց ինչի՞ համար են իրենց կյանքը զոհաբերում Սերժ Սարգսյանի նեղ շրջապատից դուրս գտնվող իշխանավորները:

Ժողովուրդն արդեն դուրս է եկել ափերից։ Սա Ծառուկյանի պայքարը չէ, կամ ավելի ճիշտ՝ միայն Ծառուկյանի պայքարը չէ։ Ի վերջո, Սարգսյանի թշնամին հո Ծառուկյա՞նը չէ, այլ յուրաքանչյուր ոք, ով դեմ է նրա վերարտադրությունը: Այսինքն Սարգսյանը պատերազմ է հայտարարել Հայաստան պետությանն ու հայ ժողովրդին։

Իսկ իշխանական ճամբարում մեկ դերասանի թատրոն է։ Սա գիտակցում են իշխանության մեջ սթափ մտածող շատերը, որոնք իրենց նախաձեռնությամբ ընդդիմության ներկայացուցիչների հետ գաղտնի հանդիպումներում մտահոգություն են հայտնում ու մեղավորներին մատնանշում: Նրանցից մեկը սրտնեղած ասում էր. «Երբ Էյնշտեյնը գրել է, թե՝ անսահման է միայն տիեզերքն ու մարդկային հիմարությունը, նա չէր կարող տեղյակ լինել «վերջին բոլշևիկի» ու նրա մերձավոր շրջապատի անսահման ընչաքաղցությունից, բայց լա՛վ, իրենք պատրաստվում են ժողովրդից հոշոտած միլիարդավոր դոլարների ունեցվածքը կորցնել, իրենց կյանքը վտանգել՝ ընդամենը մի քանի օր, կամ առավելագույնը՝ ամիս. «Գող՝ սիրտը դող» կարգավիճակով կյանքը «վայելելու» համար, դա իրենց գործն է, բայց մեր երեխաներին ինչի՞ են տանում արյունահեղության: Լա՛վ, հոգեկան խանգարումը հո գրի՞պ չի, որ մեկը մյուսից վարակվի, բա դրանց մեջ մի ողջամիտ մարդ չի մնացե՞լ»:

Սա երբ լսեցի պարտքս համարեցի իրենց թիմակիցների մտահոգություններին իմն էլ ավելացնել ու խոսքս ուղղել Սարգսյանի մերձավոր շրջապատին, ինչու չէ, նաև՝ ուժային կառույցների ներկայացուցիչներին:

Դուք խաղադրույք եք կատարում քաղաքական ադեկվատություն չունեցող, անհավասարակշիռ և ձախողված մի անձնավորության հաղթանակի վրա, այս հարափոփոխոխ աշխարհում՝ «կոն» դնելով ձեր երեխաների կյանքը՝ հանուն ինչի՞։ Լավ ե՞ք հաշվել, ու ստացել ե՞ք արդյոք ձեր ընտանիքի անդամների համաձայնությունը: Միայն չփորձեք արդարանալ, թե պարտավոր եք կատարել հանձնարարությունները, ընդհակառակը՝ ապօրինի հրահանգը պարտավոր եք չկատարել, այլապես պատասխանատվություն կկրեք հանձնարարողից ոչ պակաս:

Երեկ մեկն ասում էր. «Եթե իմանաս, թե ովքեր Սարգսյանին պատերազմի դրդեցին, չես հավատա: Կարծում ես քաղաքական թի՞մը, ուժային կառուցնե՞րը, երկրապահնե՞րը, չէ ինչ նեղություն՝ նրա «ժելեոտածների ստեղծագործական խումբը», որ ամբողջ օրը համակարգիչով կռիվ-կռիվ են խաղում, ովքեր առաջին իսկ բախման ժամանակ վախից համակարգչային մկնիկն ուտելու են այնպիսի ախորժակով, ինչպես հայտնի հեղափոխականն իր փողկապը»:

Ես ու իմ նման շատերը կատեգորիկ դեմ ենք ընտանիքների հանդեպ ինքնադատաստանին, և ինչ ուզում է տեղի ունենա, մեկ է՝ կանգնելու ենք ժողովրդի դիմաց ու թույլ չենք տալու հաշվեհարդար, բայց նախ՝ վստահ չեմ, որ անվնաս կհասնեմ այդ օրվան, և հետո, որ կատաղած ու արյան վրեժի ծարավ ժողովուրդը մեզ էլ չի տրորի-անցնի, ուստի իմ այս խոսքով փորձեցի սթափության կոչ անել, թեպետ վստահ չեմ, որ իշխանությունները համապատասխան եզրակացություն կանեն:

Մի օրինակ բերեմ ու վերջացնեմ խոսքս։ Ելցինի ընտանիքը թույլ չտվեց, որ նրան դեղերով՝ կենդանի դիակի վիճակում պահեն պաշտոնին՝ ինչպես Բրեժնևին ու Չեռնենկոյին, ինչ է թե՝ թիմը մի քիչ էլ վայելեր, այլ ստիպեցին հրաժարական տալ ՌԴ նախագահի պաշտոնից: Դրանից հետո նա յոթ տարի առոք-փառք ապրեց, իսկ ընտանիքն էլ մինչ օրս վայելում է նրա թողած ֆինանսական ու քաղաքական կապիտալի պտուղները: Հասկանում եմ՝ այդ տարբերակի համար ուշացել ենք, արդեն պետք է որոշ մարդիկ պատասխան տան իրենց ասածների ու արածների համար, բայց կան, չէ՞, մինչև Սադդամ Հուսեյն միջանկյալ տարբերակներ, կա՛նգ առեք, քանի ուշ չէ:

https://www.facebook.com/ed.antinyan/posts/10203951607613065?pnref=story

Այս խորագրի վերջին նյութերը