Հարցազրույց

16.02.2015 16:37


Ռ. Քոչարյան. «ՀՀԿ խորհրդի նիստին բարձրաձայնված մտադրությունները չեն տեղավորվում ՀՀ Սահմանադրության շրջանակներում»

Ռ. Քոչարյան. «ՀՀԿ խորհրդի նիստին բարձրաձայնված մտադրությունները չեն տեղավորվում ՀՀ Սահմանադրության շրջանակներում»

2rd.am –ի հարցազրույցը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ

–Պարոն նախագահ, բնականաբար, այսօր պետք է խնդրենք անդրադառնալ վերջին ներքաղաքական իրադարձություններին: Մասնավորապես՝ ՀՀԿ Խորհրդի հայտնի նիստին, որի թիրախը ԲՀԿ-ն էր, ընդդիմադիր դաշտի ամենախոշոր, ազդեցիկ և դրա հետ մեկտեղ, մինչև փետրվարի 12-ը՝ ոչ արմատական կուսակցությունը: Կուսակցություն, որն իշխանությունների հետ մշտական շփումների մեջ էր ու, ինչպես պարզվեց, միմյանց ղեկավարներին քննադատելու մասով նույնիսկ զսպվածության փոխադարձ պայմանավորվածություն ուներ: Ի՞նչ եք կարծում, ինչո՞վ կարելի է բացատրել տեղի ունեցածը:

–Չեմ կարող բացատրել, թե ինչի համար էր դա պետք նախագահին: Եթե հաշվարկն այն էր, թե Գագիկ Ծառուկյանի վրա ճնշում գործադրելով ԲՀԿ-ն կկազմալուծվի, ապա համապատասխան էֆֆեկտը չստացվեց: Ընդհակառակը. ընդդիմադիր դաշտում ակնառու են համախմբման հստակ նշաններ՝ բառապաշարի և նպատակների կտրուկ ռադիկալացմամբ: ԲՀԿ-ի վարկաբեկում նույնպես տեղի չունեցավ՝ չափազանց անհամոզիչ փաստարկների պատճառով: Ցանկացած գործողություն ԲՀԿ ղեկավարի դեմ բոլորի կողմից հիմա կգնահատվի որպես քաղաքական հետապնդում, որը զուրկ է որևէ լեգիտիմությունից: Իսկ հաշվի առնելով երկրում սոցիալական լարվածության և դժգոհության աստիճանը, ինչպես նաև ԲՀԿ-ի և նրա ղեկավարի լայն ժողովրդականությունը՝ որքան ավելի եռանդուն իշխանությունը փորձի “մաքրել” քաղաքական դաշտը, այնքան ավելի ուժեղ է լինելու համախմբումն իշխանության դեմ և այնքան ավելի իրական կլինի քաղաքական ցնցումների հեռանկարը: Դժվար չէ կանխատեսել, թե ինչպես այս ամենը կանդրադառնա տնտեսության, Ղարաբաղում շփման գծի իրավիճակի և Ցեղասպանության 100-ամյակին նվիրված միջոցառումների անցկացման վրա:

–Թվում է, որ այս ամենն իսկապես կարող է պայթեցնել ներքաղաքական իրավիճակը: Այդպիսին են մեր բազմաթիվ քաղաքացիների սպասումները և մտավախությունները: Արդյո՞ք իշխանությունները ելք ունեն այս իրավիճակից:

–Կարծում եմ՝ դեռևս ունեն: Կանգ առնել և չդիմել ոչ մի ակտիվ վարչական գործողության ԲՀԿ ղեկավարի նկատմամբ, մնալ բացառապես բանավոր մենամարտի սահմաններում, վերադառնալ ընդդիմախոսների հետ հակադրման քաղաքական հարթություն: Իշխող կուսակցության կողմից ՀՀԿ խորհրդի նիստին բարձրաձայնված մտադրությունները չեն տեղավորվում ՀՀ Սահմանադրության շրջանակներում և ԲՀԿ-ին ու ընդհանրապես՝ ընդդիմությանը բառացիորեն մղում են կազմակերպել մասսայական փողոցային գործողություններ, որոնց հետևանքներն անկանխատեսելի են: Ձերբակալություններն ու ռեպրեսիվ գործողությունները կտանեն երկիրը դեպի խորը ու երկարատև ճգնաժամ:

Մեր երկիրը առանց այդ էլ գերծանրաբեռնված է լրջագույն խնդիրներով և դրանց լուծումը հնարավոր է միայն հասարակության առավելագույնս լայն համախմբման, երկրի ապագայի հանդեպ մարդկանց հավատի վերականգնման հիման վրա: Տեղի ունեցածը, ցավոք, հակառակ ուղղությամբ ուժեղ ազդակ դարձավ:

Աղբյուրը` www.2rd.am

Այս խորագրի վերջին նյութերը