Քաղաքական

16.02.2015 15:48


Միքայել Մելքումյան. «Մենք գնում ենք արտահերթ նախագահական ընտրությունների» (տեսանյութ)

Միքայել Մելքումյան. «Մենք գնում ենք արտահերթ նախագահական ընտրությունների» (տեսանյութ)

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն ասել է, որ իրեն չի զարմացնում իշխանությունների պահվածքը, սակայն իր հաշվարկով դա տեղի ունեցավ ժամանակից շուտ:

–Ոչիշխանական ուժերի քաղաքական գործընթացները գնում էին հանգուցալուծման մարտի կեսեր, մարտի վերջ, - նշել է նա:

Խոսելով քաղաքական պայքարի որակի մասին և ՀՀԿ-ականների կողմից հնչեցվող անձնական վիրավորանքների՝ Միքայել Մելքումյանն ասել է, որ ԲՀԿ-ն չի ընդունում իշխանությունների կողմից թելադրվող խաղի կանոնը, և շարունակելու է հավատարիմ մնալ պայքարի քաղաքակիրթ ձևերին.

–Մենք անձնական վիրավորանքների դաշտ չենք մտնելու. մենք պայմանավորվել ենք մեր քաղաքական թիմով, և այդպես էլ Գագիկ Ծառուկյանի ելույթը եղավ՝ որևէ կերպ չներքաշվել անձնական վիրավորանքների դաշտ: Որովհետև եթե դու ներ ես քաշվում, դու գնում ես մեկ այլ հարթություն քաղաքական հարթությունից, - ասել է պատգամավորը:

Անդրադառնալով Սերժ Սարգսյանի այն մեղադրանքներին, թե, իբր, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը խուսափում է հարկեր վճարելուց, ԲՀԿ-ական պատգամավորն ասել է, որ պետությունում առկա են ֆինանսական չարաշահումների բազմաթիվ դեպքեր, որոնց վրա իշխանությունը աչք է փակում: Միքայել Մելքումյանը ներկայացրել է ԱՎԾ-ի կողմից հրապարակված արտահանման ծավալների ցուցանիշը, որ կազմում է 1 մլրդ 378 մլն դոլար: Պատգամավորը համեմատել է այն Կառավարության բյուջետային ուղերձի հետ, որտեղ բոլորովին այլ թիվ է ներկայացրած՝ 1 մլրդ 636 մլն դոլար: Միքայել Մելքումյանն իր զարմանքն է հայտնել, որ պետությունը, փաստորեն, կորցրել է 158 մլն դոլար, և պարզ չէ, թե այդ գումարը որտեղ է:

ԲՀԿ-ական պատգամավորը նաև նշել է, որ գազի հանձնաժողովում ներկայացվում է հաշվետվություն, որով «Հայռուսգազարդը» ցույց է տալիս գերկորուստներ, ինչի արդյունքում նվազում է նրա շահույթը և, հետևաբար, շահութահարկը:

Միքայել Մելքումյանի խոսքով՝ Սերժ Սարգսյանի ելույթը հասարակության ուշադրությունը շեղելու փորձ էր.

–Այդ նիստում բառ անգամ չեղավ, թե հանրապետության սոցիալական, տնտեսական վիճակը ոնց է, որ ինչ վիճակ է տիրում: Այսինքն, ի՞նչ է՝ շեղո՞ւմ են ուշադրությունը սրանով: Գագիկ Ծառուկյա՞նն է մեղավոր, որ Հայաստանում ներդրումներ չկան, որ միլիոնից ավելի աղքատ մարդիկ կան, Գագիկ Ծառուկյա՞նն է մեղավոր, որ պաշտոնական տվյալներով 20 տոկոս աշխատազրկություն կա, - ասել է պատգամավորը՝ հավելելով, որ այդ ելույթն ուղղակի արագացրեց քաղաքական իրադարձությունների զարգացումը:

–Մենք մեր ծրագիրը, մեր քաղաքական օրակարգը չենք փոխել: Ուղղակի նա առաջ է անցել, և մենք գնում ենք արտահերթ նախագահական ընտրությունների:

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը