Քաղաքական

16.02.2015 13:51


Սերժ Սարգսյանն ու նրա թիմակիցները պատերազմ են հայտարարել հայկական պետականությանն ու հայ ժողովրդին

Սերժ Սարգսյանն ու նրա թիմակիցները պատերազմ են հայտարարել հայկական պետականությանն ու հայ ժողովրդին

Սիրելի՛ հայրենակիցներ,

Հայաստանի իշխանությունները՝ «Հայաստանի Հանրապետական Կուսակցության» ղեկավարությամբ, ձախողել են Հայաստանի սոցիալ-տնտեսական ծրագրերը, ոչ արհեստավարժ ներքին ու արտաքին քաղաքականությամբ երկիրը կանգնեցրել են օրհասական վիճակի առաջ: Վտանգված են ոչ միայն Հայաստանի Հանրապետության անկախությունը, 1988 թվականի զարթոնքի արդյունքում տարած հաղթանակները՝ ի դեմս ազատ ու անկախ Արցախի, այլև՝ մեր նախկին բոլոր ձեռքբերումներն ու ապագան:

Վերջին օրերին հակադրվելով Համազգային շարժման՝ ՀՀ Սահմանադրության և օրենքների տառին ու ոգուն համապատասխանող գործողություններին՝ իշխող քաղաքական Հանրապետական կուսակցությունը՝ ի դեմս ՀՀ և ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի, իր հայտնի ելույթով փողոցային մակարդակի իջեցրեց բոլոր կարգի փոխհարաբերությունները՝ հստակ ցույց տալով, որ քաղաքական պայքարում պարտություն կրած ուժը, խախտելով ՀՀ Սահմանադրությունն ու օրենքները, պետական ինստիտուտները գործի է դնում՝ ի շահ իրեն ու իր նեղ շրջապատի: Ակնհայտ փաստ է, որ ՀՀ նախագահը և նրա թիմը իրենց դուրս են դրել Սահմանադրության ու օրենքների շրջանակներից և հայտնվել են օրենքից դուրս դաշտում: Նրանք պատերազմ են հայտարարել հայկական պետականությանը ու հայ ժողովրդին: Այլևս երեսպաշտությունը և կրավորական կեցվածքը անհանդուրժելի են որևէ քաղաքացու, քաղաքական գործչի կամ քաղաքական կազմակերպության համար:

Ելնելով վերոշարադրյալից՝ «Ազգային Անվտանգություն» կուսակցությունն իր աջակցությունն է հայտնում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությանն ու նրա առաջնորդ Գագիկ Ծառուկյանին, Համազգային շարժման բոլոր մասնակիցներին և ՀՀ քաղաքացիներին կոչ է անում փետրվարի 20-ին միասնաբար դուրս գալ իրեն օրենքից դուրս դրած գործող ռեժիմի անօրինական գործողությունների դեմ:

«Ազգային Անվտանգություն» կուսակցության վարչություն
16 փետրվարի 2015 թ.

Այս խորագրի վերջին նյութերը