Կարծիք

15.02.2015 15:19


Դա՞ է ձեր պատկերացրած ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ:

Դա՞ է ձեր պատկերացրած ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ:

Վերջին շրջանում հաճախ եմ արձագանքում մեր շուրջը կատարվող իրադարձություններին։ Դա նրանից չէ, որ կյանքումս ինչ-որ փոփոխություններ կան այս կամ այն կողմ։ Փառք Աստծո, աշխատող մարդ եմ և ընտանիքս ապահովված է։ Պարզապես, լինելով Հայաստանի քաղաքացի և ապրելով Հայաստանում՝ երբևէ, նույնիսկ մտքիս ծայրով չի անցել լքել հայրենիքս։
Ես միշտ ապրել և աշխատել եմ Հայաստանում, այստեղ է իմ տունը՝ ընտանիքս, աշխատանքս, ընկերներս և հարազատներս։
Հայաստանի քաղաքացիներ են 3 երեխաներս, և նրանց ել միշտ սովորեցրել եմ սիրել Հայաստանը։
Բայց այն, ինչ կատարվում է այսօր մեզ հետ, այլևս դուրս է նորմալ, մարդկային մտածողության սահմաններից։
Ամենաթողություն, քաղաքական գռեհկության ամենօրյա պորթկումներ, այն քաոսը, որ տիրում է այսօր մեր երկրում։ Այս ամենը ինձ մտահոգում է, սարսափեցնում այնքան, որ արդեն մտածում եմ՝ երկու տարբերակ կա՝ թողնել հեռանալ, կամ, լինելով այս երկրում՝ քիչ թե շատ լումա ներդրած քաղաքացի, անմասն չմնալ երկրում տիրող իրադարձություններին։
Երկար մտածում էի ինչի՞ց սկսել։ Ախր ո՞ր մեկն ասեմ։
«Քաղաքական գործիչների» ամենօրյա անհեթեթ արտահայտությունները, իրար հանդեպ անարգանքը, բա դրանց դեմքերը, որ չես էլ ուզում տեսնել ու հավատալ, որ իրենք են քո երկիրը ղեկավարում։ Շարունակեմ ՝ միշտ անպատիժ մնացող ոտնձգությունները մարդկանց նկատմամբ, հեռուստատեսության մակարդակը, սոցիալ-տնտեսական վիճակը, արտագաղթի ահռելի չափերը։ Երբ տեսնում եմ՝ ինչպես են ոստիկանները տարեց մարդկանց քարշ տալիս ասֆալտով, այն մարդկանց, ում զավակները իրենց կյանքն են տվել մեր խաղաղության և ազատության համար, դիմակավորների օրեցօր աճող քանակությունը, դպրոցների մակարդակը, ինքնասպանությունների ավելացումը։ Դուք դրա՞ն եք ձգտում։
Դա՞ է ձեր պատկերացրած ԱՊԱՀՈՎ ՀԱՅԱՍՏԱՆԸ: Ինչու՞ եք ուզում ոչնչանցնել մեր ազգը, ո՞րն է նպատակը։
Հրաժարվում եմ այլևս հանդուրժել և իներտ մնալ։
Անելու եմ այն ամենը, ինչ ի զորու եմ անել նման ճղճիմ վիճակին զոհ չդառնալու համար, կոչ եմ անում՝ ՍԹԱՓՎԵ՛Ք։
Դիմում եմ նաև իմ բոլոր ընկերներին՝ դուք էլ արթնացեք խորը քնից և խոսեք, որպեսզի չմտածեն, որ մենք համաձայն ենք, որ մեզ հետ վարվեն, ինչպես ուզեն, խոսեք որ դուք էլ լսելի դառնաք, յուրաքանչյուրիս խոսքն է կարևոր։

Արտյոմ Հակոբյան

Այս խորագրի վերջին նյութերը