Կարծիք

14.02.2015 10:20


Հրանտ Տեր–Աբրահամյան. «Կոմսոմոլի տիպիկ բարք ու վարք դրսեւորողները երևակայում են իրենց քաղաքական գործիչներ»

Հրանտ Տեր–Աբրահամյան. «Կոմսոմոլի տիպիկ բարք ու վարք դրսեւորողները երևակայում են իրենց քաղաքական գործիչներ»

Մի հատ երեւի ոչ պոպուլյար բան ասեմ:

Երբ էս մեր հանրապետական «ախպերները» սենց հերթով խոսում են գրագիտությունից, քաղաքական գործիչ լինելուց եւ այլն, բոլորս, իհարկե, սեղանի տակ ենք ընկնում ծիծաղից, ու երեւի թե իրենք ասողները նույնիսկ չեն պատկերացնում, թե որքան անհեթեթ է այդ ամենը հնչում իրենց շուրթերից:

Այդ պահին բոլորս միանգամից պատկերացնում ենք Հանրապետականի գործարար պատգամավորներին, այսպես կոչված, մականունավորներին կամ հայտնի գեներալներին եւ այլոց:

Բայց խնդիրն այն է, որ այդ անձինք իրենց տեսակի մեջ են, ու չեն էլ հավակնում ինչ–որ այլ բան լինելու, ու ես, անկեղծ ասած, երբեք չեմ կարծել ու չեմ կարծում, որ երկրի խնդիրն իրենք են, որովհետեւ իրենք մեծ մասամբ որոշում ընդունող չեն. իրենք չեն պատասխանատու քաղաքականության համար:

Իմ խնդիրը հենց Հանրապետականի, իբր, գրագետ, երիտասարդ հատվածն է, քաղաքական հատվածն է: Ոչ թե մարդկային, այլ քաղաքական խնդիրը: Իմ ծիծաղը գալիս է նրանց գրագետ լինելու հավակնությունից:

Նախ՝ իրոք գրագետ եւ կիրթ մարդը չի շեշտում իր՝ այդպիսին լինելը, առաջին պլան չի մղում դա եւ այլոց հաշվին չի ինքնահաստատվում: Գրագետ մարդն ընդհանրապես մի քիչ ավելի թեթեւ է վերաբերվում ինքն իրեն, շատ ծանր չի տանում իր «կարեւորությունը»։

Երկրորդ՝ ծիծաղելի է իրոք մտածել, որ գրագիտությունն ինչ–որ ձեւական մի երկու չափանիշի համապատասխանելն է՝ քիչ թե շատ գրականով խոսելը կամ մի երկու գիրք կարդացած լինելը:

Իսկ ավելի զավեշտալի է այն, որ կոմսոմոլի տիպիկ բարք ու վարք դրսեւորողները երեւակայում են իրենց քաղաքական գործիչներ:

Ցավներդ տանեմ, կոմսոմոլն ի՞նչ կապ ունի քաղաքականության հետ: Ասենք, դուք կարաք համարեք ձեզ վարչական գործիչներ, չգիտեմ՝ «ակտիվիստներ», բայց քաղաքականն ուրիշ է:

Հ.Գ: Այս ամենը չի նշանակում, որ ես ինքս ինձ համարում եմ ֆանտաստիկ գրագետ, կամ էլ, առավելս եւս, մեծն գործիչ:

https://www.facebook.com/ustahrant/posts/10206029925851454?pnref=story

Այս խորագրի վերջին նյութերը