Կարծիք

14.02.2015 09:58


«Ծառուկյանին տեսնելուց ՀՀԿ–ականները կա՛մ ծակուծուկերն էին մտնում, կա՛մ վազում ինչ-որ կերպ հաճոյանալու»

«Ծառուկյանին տեսնելուց ՀՀԿ–ականները կա՛մ ծակուծուկերն էին մտնում, կա՛մ վազում ինչ-որ կերպ հաճոյանալու»

Հասկանում եմ, որ շատերը կարող են չսիրել ո՛չ ՀՀԿ-ին, ո՛չ ԲՀԿ-ին, ոչ էլ մյուսներին, բայց չեմ հասկանում, երբ Դիանա Գրիգորյանի ու Գյուլնազ տատու արհեստը խլելու հայտ են ներկայացնում, սցենարներ հորինում ու պաթոսախառը տեքստերով դրանք տեղադրում թեմայի հետ առնչվող ու չառնչվող բոլոր ստատուսների տակ։ Պարտադիր չի հարել որևէ ուժի կամ սատարել, բայց Ձեր ֆանտազիան մի ներկայացրեք որպես աստվածային ճշմարտություն, առավել ևս, որ իրավիճակը բավական լարված է։
Չեմ հասկանում էն հանրապետականներին, ովքեր տարիներ շարունակ ու մինչև երեկ ժամը 21։40-ի կողմերը Ծառուկյանին տեսնելուց նույնիսկ ԱԺ-ում, որտեղ իրենք մեծամասնություն են, կա՛մ ծակուծուկերն էին մտնում, կա՛մ վազում ինչ-որ կերպ հաճոյանալու, իսկ դաբռոյի կամ «ֆաս» հրամանի դեպքում նույն այդ շակալները (առանց բացառության) իրար հերթ չէին տալիս տեսախցիկների առաջ երևալու ու ապացուցելու, որ կատարել են հանձնարարությունը, մինչդեռ ժողովրդին հուզող խնդիրների դեպքում տարիներ շարունակ նույն այդ «էլիտան» հետնամուտքերից փախնում է, որ մարդկանց չհանդիպի։
Չեմ հասկանում նրանց, ովքեր տարածում են առնետավազքի մասին ինչ-որ լուրեր, ինչը թեև առայժմ չկա, բայց չի էլ բացառվում, և իշխանափոխության գործընթաց սկսելու դեպքում շատ ավելի կարևոր է իմանալ՝ ով է պատրաստ կողքիդ կանգնել, և ով՝ մեջքից հարվածել, ուստի եթե կան մարդիկ, ովքեր լքելու են ԲՀԿ-ն, ապա որքան շուտ, այնքան լավ, եթե կան մարդիկ, ովքեր լքելու են ՀՀԿ-ն, ապա որքան շուտ, այնքան լավ, որովհետև իշխանափոխության դեպքում մյուսները իրավունք չպետք է ունենան մաս կազել «նոր որակի իշխանություն» եզրույթին։
Երեկվա էմոցիոնալ ֆոնին կարելի էր ավելի սրել իրավիճակը ու փոխադարձ վիրավորանքներ հնչեցնել, ինչը, ի պատիվ Գագիկ Ծառուկյանի, տեղի չունեցավ, ինչը չեն անում նաև մյուսները, իսկ պատճառը բնավ վախը չէ, այլ այն համոզմունքը, որ եթե դու ինքդ խախտում ես քաղաքական էթիկայի կանոնները, ապա իրավունք չունես դիմացինից պահանջել հարգել դրանք։ Ի վերջո, թող երեկվա հոխորտացողները մտնեն իրենց «ելույթները» տեղադրած տարբեր, նույնիսկ իշխանական կայքեր կամ դրանց ֆեյսբուքյան էջեր (news.am, tert.am) ու կարդան հասարակության արձագանքները, որոնց վիճակագրությունը առավոտվա դիտարկման արդյունքում մոտավոր հետևյալ տեսքն ուներ (չեմ ալարել, կարդացել եմ)՝
Կարեն Ավագյան - 244 մեկնաբանություն, որից 238-ը՝ քֆուր
Արմեն Աշոտյան - 196 մեկնաբանություն, որից՝ 167-ը քֆուր
Գալուստ Սահակյան, Գագիկ Մելիքյան, Մարգարիտ Եսայան, Էդուարդ Շարմազանով, Հովհաննես Սահակյան, Սամվել Ֆարմանյան և այլք՝ թվերը չեմ հիշում, բայց նախորդներին չէին զիջում։ Սա ես չեմ ասում և հաճախ չեմ կիսում հնչող կարծիքները. ընդամենը փաստում եմ։ Մի խոսքով, պարոնա՛յք հանրապետականներ, մենք ձեզ չենք վիրավորելու, նունիսկ եթե դուք շարունակեք սադրել, բայց դուք ուշադիր եղեք ձեր մասին հնչող հասարակական կարծիքներին։

Հ.Գ. Ցանկացած ֆեյքի կամ հանրապետականի ոչ կոռեկտ արձագանք կհեռացվի, ինքն էլ՝ կարգելափակվի։

Արման Թաթոսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը