Լրահոս

13.02.2015 23:10


Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Հալեպում

Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառում Հալեպում

ՀՀ ԱԳՆ-ից հայտնում են, որ փետրվարի 12-ին Հալեպում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում տեղի ունեցավ ցեղասպանությունների ճանաչմանը, դատապարտմանը և հետևանքների վերացմանը նվիրված քննարկում: Միջոցառմանը մասնակցում էին Հալեպի հայ համայնքի մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ, հոգևորականներ:

Միջոցառմանը «Հայոց ցեղասպանության խնդիրը ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում» խորագրով դասախոսությամբ հանդես եկավ Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոս Տիգրան Գևորգյանը:

Իր ելույթում նա մասնավորապես նշեց, որ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումն ու դատապարտումը հանդիսանում է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնայնություններից մեկը, և որ Հայաստանը, որպես ցեղասպանություն վերապրած ժողովուրդի հայրենիք, մեծ պատասխանատվություն է կրում` ապագայում ցեղասպանությունների կանխարգելման համար միջազգային հանրության գործադրած ջանքերում: Որպես դրա վառ օրինակ` Տիգրան Գևորգյանը մատնանշեց Հայաստանի կողմից նախաձեռնած և Մարդու իրավունքների խորհրդում կոնսենսուսով ընդունված Ցեղասպանության կանխարգելման վերաբերյալ բանաձևը: Նա նաև ընդգծեց, որ Հայաստանը միջազգային ամենաբարձր հարթակներից բազմիցս բարձրացրել է Ցեղասպանության հանցագործության ճանաչման, դատապարտման և հետևանքների վերացման կարևորությունը:

Խիստ կարևորելով Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների անցկացումը` գլխավոր հյուպատոսը նշեց, որ այն Հայաստանի և աշխարասփյուռ հայության պայքարի ավարտ չէ` ավելացնելով, որ «հիշում ենք և պահանջում» կարգախոսով անցնող միջոցառումները նոր փուլի սկիզբն են»: Այս համատեքստում նա խիստ կարևորեց Հայաստան-Սփյուռք ամուր կապերն ու համադրված փոխգործակցությունը:

Դասախոսության ավարտից հետո գլխավոր հյուպատոսը պատասխանեց ներկաների հարցերին:

Այս խորագրի վերջին նյութերը