Լրահոս

13.02.2015 22:00


Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը

Հայ Ազգային Կոնգրեսի հայտարարությունը

Սերժ Սարգսյանը փետրվարի 12-ին ՀՀԿ քաղխորհրդի նիստում հանդես է եկել ընդարձակ ելույթով, որի բովանդակությունը Հայաստանի ներքաղաքական կյանքում նոր իրավիճակ է ստեղծում։

Ամբողջ ելույթի միակ թիրախը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է, ում մեղադրելով հազար ու մի հանցանքների մեջ, Սերժ Սարգսյանը սպառնալիքներով նրանից, ըստ էության, պահանջում է հեռանալ քաղաքականությունից եւ զբաղվել միայն գործարարությամբ։ Այսպիսի մի պահանջն, ինքնին, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության կոպտագույն խախտում է։ Քաղաքականությամբ զբաղվելը յուրաքանչյուր քաղաքացու լիակատար իրավունքն է, ու չկա սահմանադրական որեւէ դրույթ կամ լիազորված մարմին, որը սահմանափակի կամ արգելի դա։ Ըստ այդմ՝ Գագիկ Ծառուկյանը նույնքան իրավունք ունի քաղաքականությամբ զբաղվելու, որքան Սերժ Սարգսյանը։

Գագիկ Ծառուկյանի առջև փաստացի դրված երկընտրանքի հիմքում ընկած են Սերժ Սարգսյանի հետևյալ հիմնական «մեղադրանքները».

  1. «Տարիներ ի վեր շարունակում են օդում կախված մնալ չստուգված լուրերը չմուծված միլիարդավոր դրամ հարկերի, տարեցների կենսաթոշակներից ու երիտասարդների կրթվելու իրավունքից գողացված միլիարդները չնչին, այսպես ասած, «բարեգործության» անվան տակ քողարկելու մասին»:
  2. «Շարունակում են նաև օդում կախված մնալ բազմաթիվ քրեական հանցագործություններ պրոֆեսիոնալ կերպով քողարկելու մեխանիզմ հիմնելու մասին չստուգված լուրերը»:

Այնուհետև Սերժ Սարգսյանը հանձնարարում է կառավարությանն ու իրավապահ մարմիններին ստուգել նման «լուրերի» իսկությունը, իսկ ԱԺ հանրապետական խմբակցությանն, ըստ էության, հանձնարարում սկսել Գագիկ Ծառուկյանին պատգամավորական մանդատից զրկելու գործընթաց:

Ստացվում է, որ Սերժ Սարգսյանը տարիներ շարունակ, տեղյակ լինելով այս ամենին, նրան ներել, իր խոսքերով՝ «հովանավորել», «աճեցրել» է, եւ միայն այժմ, համարելով, որ դա իր սխալն է եղել, ահա, վճռել է այլեւս չհանդուրժել դա։ Այս ամենը, սակայն, հարցեր են առաջացնում եւ բնական եզրակացությունների հիմք են դառնում.

Ա) Եթե «տարիներ շարունակ» նման «լուրեր» կային տարածված, ապա ինչո՞ւ դրանք չեն ստուգվել այդ մասին տեղեկանալու առաջին իսկ օրը։ Ստացվում է, որ Սերժ Սարգսյանը, իր պաշտոնական դիրքը չարաշահելով, ծածկել, պարտակել է Ծառուկյանի «հանցանքները»։ Եւ որքանո՞վ է դա հարիր երկրի նախագահի կոչմանը։ Այսինքն՝ եթե Գագիկ Ծառուկյանին Սերժ Սարգսյանը այս հիմքով «հանցագործի» պիտակ է փակցնում, ապա ինքն էլ հայտնվում է նվազագույնը «իմացող չհայտնողի» կարգավիճակում։

Բ) Եթե «տարիներ շարունակ» տեղյակ լինելով այդպիսի «լուրերի», Սերժ Սարգսյանը համագործակցել է ԲՀԿ-ի հետ, որն ընդգրկված է եղել իշխանական կոալիցիայում, իսկ մինչեւ վերջերս նույն Ծառուկյանին առաջարկել, խնդրել է ընդգրկվել իշխանության մեջ, նրան առաջարկել վարչապետի, «սահմանադրական փոփոխություններից» հետո՝ նաեւ Հանրապետության նախագահի պաշտոնը, ինչպես է, որ հանկարծ հանդես է գալիս նման՝ տրամագծորեն հակառակ դիրքերից։

Գ) Եթե այս ամենը ժամանակին իմանալով չեն բացահայտվել, ուրեմն այսօր Սերժ Սարգսյանի ելույթն ու սպառնալիքներն այլ բան չեն, քան բացահայտ քաղաքական հաշվեհարդարի հրահանգ իր քաղաքական հակառակորդի նկատմամբ։ Եւ դա ոչ մի կերպ չի դադարի այդպիսին լինելուց, որքան էլ այն մատուցվի որպես երկիրն ու ժողովրդին Գագիկ Ծառուկյանից՝ որպես, իբր, «քրեա-օլիգարխիկ» դասի ներկայացուցչից ժողովրդին ազատելու համար արված քայլ։ Այն մեղարդանքները, որ ապրիորի ներկայացվում են Գագիկ Ծառուկյանին, տասնապատիկ ծավալով ու ակնհայտ փաստերով վերաբերում են ՀՀԿ «էլիտայի» 90%-ին։ Եւ այս համոզումը ողջ ժողովրդի սեփականությունն է։

Սերժ Սարգսյանի ելույթը խոցելի է բոլոր՝ թե՛ իրավական, թե՛ քաղաքական, թե՛ բարոյական առումներով, չխոսած՝ քաղաքական հարաբերությունների տարրական նորմերը խախտելու, անձնական վիրավորանքների մակարդակի իջնելու մասին։

Հայ ազգային կոնգրեսը դատապարտում է իշխանության կողմից քաղաքական առողջ մրցակցության սահմանադրական նորմերի լիակատար ոտնահարումը, քաղաքական հաշվեհարդար մեթոդին ապավինելը, ինչը արվում է Սերժ Սարգսյանի խնդրո առարկա ելույթով։

Կոնգրեսն այս ամենը դիտարկում է, որպես իշխող ռեժիմի սեփական մեղքերից հանրային կարծիքը շեղելու անհաջող փորձ: Ժողովուրդը շատ հստակ գիտակցում է, թե ով է մեղավոր երկրի ներկա աղետալի վիճակի համար և ի վերջո պատասխանի է կանչելու իրական հանցագործներին:

Այս խորագրի վերջին նյութերը