Կարծիք

13.02.2015 16:54


«ՀՀԿ-ի օրացույցում այս օրը սևով է գրվելու»

«ՀՀԿ-ի օրացույցում այս օրը սևով է գրվելու»

Գագիկ Ծառուկյանի ելույթը վերջին ժամանակների ամենասպասված հայտարարությունն էր ինքնին։ Իշխանափոխության և արտահերթ նախագահական ընտրությունների գնալու հայտարարությանը շատ ու շատ ՀՀ քաղաքացիներ էին սպասում, որոնք հույսի և իրական պայքարի մղումով տոգորված անձի փնտրտուքի մեջ էին՝ ով կկարողանար թե՛ իր ռեսուրսներով և թե՛ իր քաղաքական թիմով երկիրը դուրս բերել այս վիճակից։ Գագիկ Ծառուկյանը բացեիբաց հասկացնել տվեց հանրությանը, որ պահը այնպես է հասունացել, որ այլևս ինչ-որ նկատառումներից ելնելով՝ չի կարելի հետաձգել երկրի ազատագրման գործընթացը։ Այն, որ «եռյակի» հանրահավաքներին մասնակցում էին 30 000-50 000 մարդ, այս ամենից հետո վստահ եղեք՝ այդ թիվը կհնգապատկվի, կտասնապատկվի և այսպես շարունակ, քանզի բոլոր խաղաքարտերն արդեն բացված են, և ակնկալվում է միայն լուրջ և ուղորդված շարժում դեպի իշխանափոխություն։ Իշխանությունների նյարդերը տեղի տվեցին, չդիմացան ճնշմանը և անցան վիրավորանքի լեզվով խոսելուն՝ անհիմն մեղադրանքներով լեցուն։ Սա, եթե խոր վերլուծենք, հարվածեց հենց իշխանությանը, քանի որ այսուհետ Գագիկ Ծառուկայնի շուրջ, որպես ընդդիմադիր գործչի, կհավաքվեն ոչ իշխանական մնացած բոլոր ուժերը՝ գումարած հասարակության այն հատվածը, որը դեռ չէր վստահում ԲՀԿ-ին։ Իշխանություններն այս ամենը ամենայն հավանականությամբ չէին կանխատեսել. հակառակ դեպքում դիլետանտին համապատասխան գործելաոճ չէին դրսևորի, որը բումերանգի էֆեկտով կհարվածեր հենց իրենց։
Առաջիկայում ներքաղաքական զարգացումներն է՛լ ավելի լարված են լինելու, դրանում կասկած չկա, իսկ այ թե ով է հաղթանակով դուրս գալու այս իրավիճակից, հաստատ ՀՀԿ-ն չի լինելու, որովհետև իշխանական թևի կողմից այսքան տարիների ընթացքում տարվող հակաԲՀԿ-ական քարոզչությունն ի չիք դարձավ մեկ վայրկյանում, քանի որ, կրկնեմ, բացվեցին բոլոր խաղաքարտերը, և հասարակությունն արդեն իշխանություններից հոգնած և զզված՝ սատարելու է իրական դեմքը ցույց տված ընդդիմադիր կուսակցությանն ու իր առաջնորդին՝ Գագիկ Ծառուկյանին։
Հ․Գ․ ՀՀԿ-ի օրացույցում այս օրը սևով է գրվելու։

Նինա Մարգարյանի ֆեյսբուքյան էջում

Այս խորագրի վերջին նյութերը