Լրահոս

13.02.2015 14:57


Այսօր Տյառնընդառաջն է

Այսօր Տյառնընդառաջն է

Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Տյառնընդառաջը (Տրնդեզ): Տոնը խորհրդանշում է 40 օրական Հիսուսին տաճար տանելը: Ըստ եկեղեցական ավանդության՝ երբ Հիսուսին բերում են տաճար, դրա արևելյան կողմի դռները, որ նախկինում չէին բացվել, ուժեղ դղրդյունով բացվում են, և մարդիկ իրենց ճրագներով դուրս են գալիս տներից՝ տեսնելու՝ ինչու է այսպիսի աղմուկ բարձրացել: Մարդիկ ակամայից իրենց ճրագներով լուսավորում են Հիսուսի ճանապարհը դեպի տաճար: Այստեղից էլ առաջացել է «Տեառնընդառաջը», որը նշանակում է տիրոջն ընդառաջ. տոնի խորհուրդը Տիրոջն ընդառաջ գնալն է:

Տրնդեզը հեթանոս հայերը նշել են որպես երազների մեկնիչ, գիտության և դպրության աստված Տիրի, նաև՝ արևի և ռազմի աստված Վահագնի տոն: Դրա ամենատարածված բաղադրիչը, որ պահպանվել է մինչ օրս, խարույկն է: Մարդիկ խարույկի վրայով ցատկում են` հավատալով, որ դա նրանց հաջողություն կբերի:

«Գնամ անեմ բարություն, հոգիս գնա արքայություն»,- այսպես են շնորհավորել մարդիկ Տյառնընդառաջին միմյանց տեսնելիս:

Տյառնընդառաջի տոնակատարությունները սկսվում են փետրվարի 13-ի երեկոյան: Ժամերգության ընթացքում կատարվում է արտերի և այգիների օրհնություն, որը խորհրդանշում է ձմռան ավարտը և գարնանամուտը։ Ժամերգության ավարտին հավատացյալները եկեղեցում վառվող մոմերից վառում են իրենց մոմերը՝ Քրիստոսի փրկարար լույսի խորհրդանիշը տանելով իրենց տուն։

Տրնդեզի գլխավոր մասնակիցները երիտասարդ տղաներն ու աղջիկներն են, նորապսակները, նաև նրանք, ովքեր դեռ նոր են պատրաստվում ամուսնական կապերով իրենց ճակատագրերը միացնել: Համարվում է, որ եթե նրանց հաջողվում է կրակի վրայով թռչել՝ առանց ձեռքերը բաց թողնելու, ապա նրանց ընտանիքն ամուր կլինի, իսկ սերը՝ հավերժ: Երիտասարդ զույգերից հետո խարույկի վրայով երեխա չունեցող մայրերն են թռչում՝ այն հույսով, որ կրակը նրանց կօգնի հղիանալ: Ամենավերջում բոլորն իրար ձեռք բռնած՝ շուրջպար են բռնում:

Հայկական հնագույն լեգենդների համաձայն՝ այդ օրը տոնական խարույկը բարօրություն է բերում այն մարդկանց, ում այն կդիպչի: Կրակի հանգելուց հետո մնացած մոխիրը հավաքում են և դաշտերով մեկ տարածում, որն էլ աշնանը լավ բերք պետք է ապահովի:

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը