Կարծիք

13.02.2015 13:30


«Մեկը մյուսի հետևից հուզված ու հեգեմոնիկ ճառեր էին ասում»

«Մեկը մյուսի հետևից հուզված ու հեգեմոնիկ ճառեր էին ասում»

Երեկ ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո զավեշտալի իրավիճակ էր:
Երկրում առկա աղքատության խայտառակ ցուցանիշները, սահմանում պայթյունավտանգ իրավիճակը, հարյուր հազարավոր հայրենակիցների Հայաստանից արտագաղթելն ու սեփական պետության հետ հույս չկապելու հանգամանքները թողած երեկ ՀՀԿ-ն խոսում էր ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մասին:
Այն մարդու մասին, ով վճռականորեն պայքարում է երկրում ստեղծված վերը նշված խնդիրները վերացնելու համար:
Երեկ ՀՀԿ ԳՄ նիստից հետո դուրս եկածները մեկը մյուսի հետևից հուզված ու հեգեմոնիկ ճառեր էին ասում:
Ծիծաղելի էր մասնավորապես Կարեն Ավագյանի՝ տվայտանքով լի խոսքը:
Առհասարակ, ծիծաղելի է նրա կողմից որևէ քաղաքական խոսք կամ կարծիք արտահայտելը:
Գնահատական տվողները լավ կանեն վերլուծեն երկրում ստեղծված իրավիճակը, վերլուծեն Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականությունն ու դրա արդյունքում մեր երկրի օրեցօր փոշիացող հեղինակությունը, որի համար ջանք ու եռանդ չեն խնայում ՀՀԿ-ականները:
Դա վերջնականապես հաստատվեց Աստանայում՝ 2014 թվականի մայիսի 29-ին, Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ, երբ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևն ընթերցեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նամակը:
Համաձայն այդ նամակի՝ Հայաստանը կարող է անդամակցել Մաքսային Միությանն այն ձևաչափով ու սահմաններով, որով անդամագրվել է Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, որով մեկուսացվում է Լեռնային Ղարաբաղը:
Սա նոնսենս էր, երբ անտեսելով և նախապես չտեղեկացնելով իրենց ՀՀ գործընկերոջը, նրան «անակնկալի» են բերում և ընթերցում Ալիևի նամակը:
Սա միջազգային արհամարհանք էր մեր երկրի նկատմամբ և բացահայտ ապտակ մեր երկրի միջազգային հեղինակությանը:
Փաստացի մեր երկիրը միացավ ՄՄ-ին հենց այն ֆորմատով, որով ներկայացված էր նամակում:
Մեր երկիրն այդ օրը չկարողացավ որևէ կերպ արձագանքել այդ իրողությանը և Սերժ Սարգսյանը ժամանակ խնդրեց հաջորդ նիստին անդրադառնալու նամակին, սակայն ինչպես ասում են՝ գնացքն արդեն մեկնել էր:
Արդեն փաստ է, որ միջազգային ասպարեզում արդեն դադարել են մեր պետությանը լուրջ վերաբերվել և նրա հետ հաշվի նստել:

ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր

Վահե Էնֆիաջյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը