Կարծիք

12.02.2015 17:15


ԵՍ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ, ԴՐԱ ՀԱՄԱՐ ԷԼ ԴՈՒՐՍ ԵՄ ԳԱԼՈՒ ՊԱՅՔԱՐԻ

ԵՍ ՎԱԽԵՆՈՒՄ ԵՄ, ԴՐԱ ՀԱՄԱՐ ԷԼ ԴՈՒՐՍ ԵՄ ԳԱԼՈՒ ՊԱՅՔԱՐԻ

Համառ լուրեր են շրջում, որ Սերժ Սարգսյանը չի հրաժարվելու Սահմանադրությունը փոխելու ճանապարհով վերարտադրվելու իր սևեռուն մտքից, և շուտով կհայտարարի այդ մասին: Իսկ դրանից առաջ նա արդեն սկսել է «հրետանային նախապատրաստումը». անհիմն պատճառաբանությամբ կամ առանց բացատրության դաժանաբար ծեծի են ենթարկում՝ ում ուզենան, երբ ուզենան, որտեղ ուզենան: Ասում են՝ դրանով ցանկանում են վախի մթնոլորտ սերմանել, բայց զարմացած են, որ ինչ անում են՝ մեր հասարակությունը ոչ միայն չի վախենում, այլ ավելի է բորբոքվում ու արժանի հակահարվածի տրամադրվում: Բայց ո՞վ է ասել, թե չեն վախենում:

Մեկն, օրինակ, ես: Ես վախենում եմ իմ զավակներին թողնել մի Հայաստան, որտեղ

-մարտական ընկերոջը հացի են կանչում ու ծեծի ենթարկում,

-արևմտյան քաղաքակրթական արժեքները դրոշակի պես պարզած՝ դրա հետևում թաքնվում են մեր «քաղաքակիրթները» ու Սերժ Սարգսյանի, մեղմ ասած, կոշիկները լիզում «դանակ-պատառաքաղով»,

-Ամենայն հայոց կաթողիկոսը հանրության մոտ ընկալվում է ոչ որպես հոգևոր առաջնորդ, այլ անհոգի օլիգարխ, երբ անգամ ամենահայավարի արդարացումը չի կարող բերել, թե ծերությունն է ապահովում, կամ զավակների հոգսերը հոգում,

-լուրջ ճանապարհ անցած կուսակցական առաջնորդները, ատամները թափած խեղճ տատիկի նման, ով 5000 դրամի դիմաց հեռուստացույցով լոտո է գովազդում, ասում են՝ Սերժ Սարգսյանը արդա՛ր է, արդա՛ր, հավատացե՛ք,

-զոհված զինվորականների ծնողներին ոստիկանները գետնին են տապալում ու քարշ տալով հեռացնում նախագահական նստավայրի մոտից,

-անչափահաս մի աղջնակի աչքի առաջ ոչ միայն հորն են ոստիկանները դագանակում, այլև ռետինե մահակի մի քանի հարված էլ այդ երեխային ու նրա մորն է բաժին հասնում,

-Գյումրու այդ հրեշավոր ոճրագործության հետ կապված մեր իրավապահների անտրամաբանական պարզաբանումներից ու անողնաշար պահվածքից վրդովված մարդիկ ոստիկանների հետ բախումների են գնում, արդյունքում վիրավորված ոստիկանը բնակարանով է պարգևատրվում, երբ հազարավոր գյումրեցիներ շուրջ երկուսուկես տասնամյակ նույն այդ պարգևատրողների անարդար կառավարման հետևանքով դեռ տնակներում են ապրում,

-ԱԺ պատգամավորին մի «պատվախնդիր» խոպանչու ձեռքով ծեծի են ենթարկում, իսկ իշխանական պատգամավորները, «համազգեստի պատիվ» հասկացությունն անգամ ուրացած, ոչ միայն խրախուսում են կատարվածը, այլև իրենց գործընկեր ծեծվողին մեղադրում,

-իր տան մատույցներում մի եղբորը սառնասրտորեն գնդակահարած, իսկ մյուսին՝ գործող բանակի գնդապետին, ծանր վիրավորած մարզպետը մի քանի ամսով Սյունիքից «ազատ աքսոր» ռեժիմով Երևանում իր հանգիստն է վայելում, որոշ ժամանակ անց վերադառնում իր պաշտոնին, իսկ արժանապատվությունը խոցված սյունեցիներին ավելի են նվաստացնում ու ստիպում նրան դիմավորել աղուհացով:

Եվ վերջապես, ես վախենում եմ իմ զավակներին թողնել մի Հայաստանում, որտեղ նախորդ պարտություններից հիասթափված մեր հասարակությունը ոչ նոր պայքարի ուժ ունենա, ոչ էլ՝ ցանկություն:

Այո՛, ես վախենում եմ, բայց ես վախկոտ չեմ: Իսկ, ավելի ճիշտ, վախկոտը ես չեմ, այլ հենց թեկուզ նա, ով այսօր իր կռիվը չտալու համար

-իր երեխայի ուսերին է բարդելու տասնապատիկ ավելի ծանր խնդիրներ, որոնց տակից հնարավոր է, որ նրանք չկարողանան էլ դուրս գալ, երբ արտագաղթելն էլ հարցի լուծում չէ,

-երրորդ համաշխարհային պատերազմի վտանգն օդում կախված՝ իր երեխաներին դարձնելու է տարաբախտ գաղթական՝ ուղարկելով պատերազմի հնարավոր թատերաբեմ հանդիսացող երկրներ՝ դատապարտելով նրանց անորոշության ու վտանգավոր կյանքի:

Ուստի, ես և իմ նման շատ-շատերը պատրաստ ենք համաժողովրդական շարժման առաջնորդների կոչով փողոց դուրս գալ ու կանգնել անքան ժամանակ, մինչև հասնենք Սերժ Սարգսյանի պաշտոնանկությանն ու նրա ռեժիմի ամբողջական տապալմանը՝ հանուն մեր երկրի ու ժողովրդի ու նաև՝ մեր երեխաների ապագայի:

Էդվարդ Անտինյան

https://www.facebook.com/ed.antinyan/posts/10203926509105618?pnref=story

Այս խորագրի վերջին նյութերը