Կարծիք

12.02.2015 15:50


12-րդ վարչապետից այսօր ժողովրդին մնաց 2 բիոզուգարան, օֆշորի սկանդալ...

12-րդ վարչապետից այսօր ժողովրդին մնաց 2 բիոզուգարան, օֆշորի սկանդալ...

Իշխանությունը և հատկապես բարձրագույն իշխանությունն իր առաջնահերթ խնդիրն է համարում սահմանադրական բարեփոխումների անվան ներքո իրականացնել իշխանության պահպանման, վերարտադրման և հավերժացման նկրտումը:

Այսօր իշխանությունը չի կարևորում երկրում ստեղծված իրավիճակի ճիշտ գնահատումը և դրանում չի տեսնում ու զգում իր առաջնային պատասխանատվությունը:

Անորոշությունների, ոչ ադեկվատ մոտեցումների արդյունքում ցանկանում են ուժի դիրքերից խոսել հասարակության հետ: Տպավորություն է ստեղծվում, որ իշխանությունն ինչ-որ տեղ համատեղության կարգով դարձել է ժողովրդի ընդդիմությունը: Քաղաքացիական նախաձեռնությունների, հանրային կարծիքի նկատմամբ արհամարհական դրսևորումներն ակնհայտ են և տեսանելի:

Հանրության խոսքը մշտապես արհամարհել և փորձել իշխանության պահպանման դիրքերից խոսել ժողովրդի հետ նշանակում է անտարբերություն և արհամարհանք դրսևորել բարձրաձայված հարցերի և հասարակական կարծիքի նկատմամբ:

Բարեփոխումն ինքնին վատ նպատակ չէ, սակայն այն արժեվորվում է միայն այն դեպքում, երբ բարեփոխումների արդյունքը և արդյունավետությունը զգում են շատերը՝ տվյալ պարագայում հանրության գերակշռող մասը՝ ասենք 80%-ը: Իսկ եթե բարեփոխումը արվում է շղարշով և մատուցվում սկուտեղի վրա, ապա այն ծառայում է օրվա իշխանությանը:

Փորձել հավերժացնել իշխանությունը սա արդեն բարեփոխում չէ, այլ մի ուրիշ անվանում ունի…:

Բարձրագույն իշխանությունն անցած տարիներին եղել է երկրում դրության բացարձակ տերը, որի արդյունքում աղքատությունը, գործազրկությունը, արտագաղթը… դարձել են կենսագոյության ձև:

Այդքանից հետո ձեր նկատմամբ կա հավատի և վստահության կորուստ, որը բարեփոխումներով դժվար է վերականգնել և վերակենդանացնել:

12-րդ վարչապետից այսօր ժողովրդին մնաց 2 բիոզուգարան, օֆշորի սկանդալ, «Նաիրիտի» առեղծված, ֆինանսավարկային բուրգի առասպել և մի քանի վիրտուալ ծրագրերի փաթեթ:

Ասում են՝ բարձրագույն իշխանությունում հաստատակամ են իրենց համար սահմանադրական բարեփոխումներ անցկացնելու խնդրում:

Պարզապես խորհուրդ է տրվում այն մեռելոցի չվերածել, քանզի կյանքը իր հունով գնում է. գծի տերերը՝ իրենց գծով, իշխանություններն էլ՝ իրենց սահմանադրական բարեփոխումների գծով:

Ի դեպ, այն միակ գիծն է, որ ժողովուրդը պարտավոր է պարտադիր կարգով անվճար նստել և հավերժ երթևեկել:

Գառնիկ Վաղարշակյան

Հայաստանի բուհերի արհեստակցական

կազմակերպությունների ճյուղային

հանրապետական միության նախագահ

Այս խորագրի վերջին նյութերը