Աշխարհ

11.02.2015 08:37


Բելգիացի պատգամավորը կոչ է անում Թուրքիային՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Բելգիացի պատգամավորը կոչ է անում Թուրքիային՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Եվրախորհրդարանի բելգիացի պատգամավոր, «Ֆլամանդական շահ» («Vlaams Belang») կուսակցության նախագահ Ջերոլֆ Աննեմանսը միջնորդագիր է ներկայացրել Եվրախորհրդարան, որով կոչ է անում Թուրքիային՝ ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Փաստաթղթում, մասնավորապես, ասվում է. «Հաշվի առնելով Կանոնակարգի 133-րդ կետը,20-րդ դարասկզբին Թուրքիայում հայ բնակչության վերաբերյալ բազմաթիվ ուսումնասիրությունները և պատմական տվյալները, ՄԱԿ-ի՝ «Ցեղասպանություն» հանցագործության կանխման և պատժման կոնվենցիան», որը տալիս է ցեղասպանության սահմանումը, 1987 թվականի հունիսի 18-ի Հայկական հարցին քաղաքական լուծում տալու Եվրախորհրդարանի բանաձևը, հետագա խորհրդարանական բանաձևերը, որոնք քիչ թե շատ կողմ են արտահայտվել 1915-ի Հայոց ցեղասպանության ճանաչմանը,. նկատի ունենալով, որ այս բանաձևերը դեռևս չեն դրդել Թուրքիայի կառավարությանը՝ ճանաչել Ցեղասպանությունը, և որ այդ իրադարձություններից մեկ դար անց եկել է հաշտեցում նախաձեռնելու ժամանակը, պաշտոնապես կոչ ենք անում Թուրքիայի կառավարությանը՝ ճանաչել 1915-ին Թուրքիայի տարածքում բնակվող հայերի նկատմամբ Օսմանյան կայսրության իրագործած Ցեղասպանությունը, հորդորում ենք Եվրախորհրդարանի նախագահին՝ ուղարկել այս բանաձևը Թուրքիայի կառավարությանը, Հայաստանի կառավարությանը, Թուրքիայի և Հայաստանի Հանրապետության խորհրդարանների նախագահներին, խորհուրդներին, հանձնաժողովներին»։

Միջնորդագիրը ստորագրել են Մարին Լը Պենը, Լուի Ալիոտը, Մարի-Քրիստին Արնոտուն, Նիկոլա Բեյը, Դոմինիկ Բիլդը, Մարի-Քրիստին Բուտոնեն, Սթիվ Բրիուան, Միրեյ Դ՛Օրնանոն, Էդուարդ Ֆերանը, Սիլվի Գոդդինը, Ժան-Ֆրանսուա Ժալքը, Ժիլ Լեբրետոնը, Ֆիլիպ Լուազոն, Դոմինիկ Մարտենը, Ժոել Մելենը, Բեռնար Մոնոն, Սոֆի Մոնտելը, Ֆլորիան Ֆիլիպպոն, Ժան-Լյուկ Շաֆհաուզերը, Միլեն Տրոշչինսկին, Մատտեո Սալվինին, Մարա Բիզոտտոն, Մարիո Բորգեցիոն, Ջանլուկա Բուոնաննոն, Լորենցո Ֆոնտանան, Մարսել դը Գրաաֆը, Հանս Յանսենը, Օլաֆ Սթուգերը, Հարալդ Վիլիմսկին, Բարբարա Կապելը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը