Լրահոս

10.02.2015 18:52


Ալի Զեյդան. «ԻՊ–ն երկու ամսում կամրապնդվի Միջերկրական տարածաշրջանում, եթե Արևմուտքը չօգնի Լիբիային»

Ալի Զեյդան. «ԻՊ–ն երկու ամսում կամրապնդվի Միջերկրական տարածաշրջանում, եթե Արևմուտքը չօգնի Լիբիային»

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալներն «առաջիկա երկու ամսում» կվերահսկեն Միջերկրական ծովի ափը, եթե Արևմուտքն օգնություն չտրամադրի Լիբիային ծայրահեղականներին հակազդելու համար։ Այսպիսի կարծիք է հայտնել Լիբիայի նախկին վարչապետ Ալի Զեյդանը «Թայմս» լոնդոնյան թերթին։

Զեյդանը մտավախություն է հայտնել, որ ԻՊ–ն ձգտելու է հրապարակված «խալիֆաթն» ընդլայնել նաև Լիբիայի տարածքում, քանի որ զինյալները կարողացել են իրենց վերահսկողությունը հաստատել Իրաքի և Սիրիայի մի շարք շրջաններում։

«Նրանք ընդլայնվում են։ Նրանք ամենուրեք են», – նշել է լիբիական կառավարության նախկին ղեկավարը։
Զեյդանի տվյալներով՝ տեղացի բնակիչներից կազմված ԻՊ–ի լիբիական մասնաճյուղն ավելի ու ավելի է մեծացնում սեփական ներկայությունը երկրի խոշոր քաղաքներում, ինչպես նաև ներգրավում է իր շարքերը զինյալների իսլամական այլ խմբավորումներից։

«Հույս ունեմ՝ միջազգային հանրությունը դրան լուրջ կվերաբերվի»,–հավելել է նախկին վարչապետը։

Տեղեկացնում է «ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը