Քաղաքական

10.02.2015 14:20


Տիգրան Խզմալյան. «Իհարկե, դա չի նշանակում, որ հեգնանքը Սեյրան Օհանյանին է ուղղված» (տեսանյութ)

Տիգրան Խզմալյան. «Իհարկե, դա չի նշանակում, որ հեգնանքը Սեյրան Օհանյանին է ուղղված» (տեսանյութ)

Այսօրվա ասուլիսին «Նախախորհրդարանի» նախկին անդամ Տիգրան Խզմալյանը պատասխանելով «7օր»–ի լրագրողի հարցին՝ ինչպե՞ս հասկանալ մի կողմից Հայոց ցեղասպանության 100-ամյակն առանց ռեժիմի պայքարի մասին նրա հայտարարությունները, մյուս կողմից՝ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանին և նրա ընտանիքին իր գովաբանելը, Խզմալյանը պատասխանել է.

–Այդ հոդվածը պամֆլետ է։ Պամֆլետը ժանր է և առաջինից մինչև վերջին տողը լցված է հեգնանքով. իհարկե, դա չի նշանակում, որ հեգնանքը Սեյրան Օհանյանին է ուղղված. հեգնանքն ուղղված է մեզ։ Այդ հոդվածը կոչվում է «Մենք ունենք նոր նախագահ»։ Ես այնտեղ մի քանի օրինակ եմ բերում, որ Արևմուտքը ցուցադրաբար խուսափում է Սերժ Սարգսյանին, Հովիկ Աբրահամյանին, Գալուստ Սահակյանին հանդիպելուց, և բոլոր դեսպանները, միջազգային բոլոր բարջրաստիճան կառույցները, ատյանները, հանդիպում են հենց Սեյրան Օհանյանին, և դա ինչ–որ բան ինձ ասում է։ Ես կես լուրջ–կես կատակ եզրակացություն եմ անում։

«7օր»–ի հաջորդ հարցին էլ՝ Հայաստանի համար կառավարման ո՞ր մոդելն է, ըստ նրա, ամենալավը, Խզմալյանը պատասխանել է՝ խորհրդարանական.

–Կարծում եմ, որ Հայաստանում պետք է լինի խորհրդարանական համակարգ, և եթե ազգը չի կարող առանց նախագահի, դա կարող է լինել՝ ինչպես Իսրայելում (այնտեղի նախագահի անունը ոչ ոք էլ չգիտի)։ Ես կգերադասեի, որ նա լիներ անպայման կին։

Իսկ մեր թղթակցի նկատառմանը, որ Սերժ Սարգսյանի՝ բոլորի համար հասկանալի նպատակով սահմանադրական փոփոխությունները միտված են անցմանը խորհրդարանականի, հետևապես Խզմալյանը ողջունո՞ւմ է նախաձեռնությունը, նա ասել է.

–Գիտեք, ես երևի խորհրդարան ասելով նկատի ունեմ մի քիչ ուրիշ բան, քան այն, ինչ նկատի ունի Սերժ Սարգսյանը։ Խորհրդարանը կարող է ստեղծվել միմիայն ազատ ժողովրդավարական ընտրությունների օրոք։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը