Կարծիք

10.02.2015 13:53


Հրանտ Ենոքյան

Հրանտ Ենոքյան

Արտակ Խաչատրյանի առևանգումը ցույց տվեց, որ իշխանությունը պատրաստ չէ երկխոսության, և գնալով է՛լ ավելի է լկտիանում: Հանցագործությունը ցնցեց հասարակությանը և հերթական անգամ ցույց տվեց, թե որքան «ապահով» Հայաստանում ենք ապրում: Հայաստանում այնքան ապահով է, որ եթե դու համաձայն չես իշխանությունների վարած քաղաքականության հետ և համարձակվում ես դժգոհել, քեզ առևանգում և ծեծում են:

Սակայն իշխանության հաշվարկը սխալ դուրս եկավ: Արտակը, բացի ԲՀԿ-ական լինելուց, հասարակական ակտիվ գործիչ է, որը և բարձրաձայնում էր ձեռնարկատերերի խնդիրները «Շրջանառության հարկի մասին» տխրահռչակ օրենքի կասեցման պայքարի ժամանակ: Հարձակումը Արտակ Խաչատրյանի վրա հարձակում է բոլոր այդ մարդկանց վրա: Ակնհայտ է, որ դա անձնավորված հաշվեհարդար չէ, այլ յուրօրինակ ուղերձ հասարակության ակտիվ զանգվածին և քաղաքական ուժերին: Իշխանությունները ժողովրդին ցույց են տալիս, որ ճնշելու են հասարակական ընդվզման ցանկացած փորձ: Արտակին առևանգելը և ծեծելը ուղերձ է նաև քաղաքական դաշտին. այդպես իշխանությունը պատասխանեց Գագիկ Ծառուկյանի նախաձեռնությունով տեղի ունեցած ոչիշխանականների խորհրդաժողովում հնչած առաջարկին՝ անցնցում և խաղաղ հանձնել իշխանությունը և պատվով հեռանալ:

Եվ այս պարագայում պատահական չէ, որ հասարակության և քաղաքական ուժերի արձագանքը եղավ շատ ակտիվ և կոշտ: «Կասեցում» շարժման ակտիվիստները, ձեռնարկատերերը, պարզապես սրտացավ և մտահոգ քաղաքացիներ՝ «Մենք բոլորս Արտակ ենք» կարգախոսով, իշխանություններին ցույց տվեցին, որ իրենց վախեցնել չի լինի, և նրանք մինչև վերջ պաշտպանելու են իրենց իրավունքները: Իսկ «Բարգավաճ Հայաստանը» և մյուս հիմնական ոչիշխանական ուժերը միասնաբար ցույց տվեցին, որ կարող են պատասխանել նաև բռնարարքներին, և որ անցնցում իշխանափոխության պահանջն ամենևին թուլությունից չի գալիս:

Հրանտ Ենոքյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը