Լրահոս

10.02.2015 11:59


ՀՀ քննչական կոմիտեն ՀՔԾ է ուղարկել քննիչի կողմից կաշառք պահանջելու վերաբերյալ նյութերը

ՀՀ քննչական կոմիտեն ՀՔԾ է ուղարկել քննիչի կողմից կաշառք պահանջելու վերաբերյալ նյութերը

ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում իրականացվել են նախնական ուսումնասիրություններ՝ քննիչի կողմից կաշառք պահանջելու դիմումի վերաբերյալ, որի արդյունքներն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

Մասնավորապես՝ Քննչական կոմիտեում ստացվել էր Ավան և Նոր-Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական գործով գողության մեջ մեղադրվող, «Նուբարաշեն» ՔԿՀ կալանավոր Լ. Հովհաննիսյանի դիմումը՝ քննիչի և հոգեբուժարանի բաժնի վարիչի կողմից կաշառք պահանջելու վերաբերյալ։

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի հանձնարարությամբ ներքին անվտանգության վարչությունում, սահմանված կարգով, կատարվել է նախնական ուսումնասիրություն:

Լ.Հովհաննիսյանը բացատրությամբ պնդել է դիմումում նշված հանգամանքները։ Փետրվարի 4-ին նրանից վերցվել է գրավոր հաղորդում, ըստ որի՝ քրեական գործով լրացուցիչ դատահոգեբուժական փորձաքննություն նշանակելու համար մոտ 2 ամիս առաջ (կոնկրետ օրը և ամիսը չի հիշել) գործով քննիչը պահանջել է 500 ԱՄՆ դոլար կաշառք, սակայն նյութական ծանր վիճակի մեջ գտնվելով` կալանավորը պահանջը չի կատարել: Վերջինս նաեւ հայտնել է, որ նույն գործով դատահոգեբուժական փորձաքննության կատարման ընթացքում հոգեբուժարանի բաժնի պետը պահանջել է 8000 ԱՄՆ դոլար կաշառք՝ որպես հոգեկան հիվանդի եզրակացություն տալու համար, սակայն վերը նշված պատճառաբանությամբ այս պահանջը եւս չի կատարել:

ՀՀ քննչական կոմիտեի ներքին անվտանգության վարչությունում իրականացված նախնական ուսումնասիրության արդյունքներն ըստ քննչական ենթակայության նույն օրն ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն։

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին

Այս խորագրի վերջին նյութերը