Լրահոս

09.02.2015 17:54


Արտակ Խաչատրյանը ճանաչվել է որպես տուժող

Արտակ Խաչատրյանը ճանաչվել է որպես տուժող

Երևանի քննչական վարչության Կենտրոն և Նորք մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում շարունակվում է Երևանի բնակիչ Արտակ Խաչատրյանին առևանգելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Հաշվի առնելով հանրության հետաքրքրությունը՝ տեղեկացնում ենք, որ Արտակ Խաչատրյանը ճանաչվել է որպես տուժող, և փետրվարի 9-ին քննիչը գնացել է բժշկական կենտրոն՝ նրան որպես տուժող հարցաքննելու համար (բժիշկների հավաստմամբ՝ ավելի վաղ նա ի վիճակի չի եղել ցուցմունք տալու)։
Հանձնարարություն է տրվել ոստիկանության համապատասխան ստորաբաժանումներին պարզել՝ «Ծղոտներ» ժամանցային կենտրոնի մոտակայքում, որտեղից Ա.Խաչատրյանին առևանգել են, տեսանկարահանող սարքեր կա՞ն, թե՝ ոչ, իսկ հայտնաբերելու դեպքում վարույթն իրականացնող մարմնին ներկայացնել տեսագրությունները։
Քրեական գործի նյութերի համաձայն՝ Ա.Խաչատրյանին առևանգել են մի խումբ անձինք՝ 2015թ. փետրվարի 7-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Երևան քաղաքի Տոլստոյ փողոցում գտնվող «Ծղոտներ» ժամանցային կենտրոնի մոտակայքից:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կատարվում է նախաքննություն։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումները՝ ինչպես առևանգման, այնպես էլ՝ նրա նկատմամբ կիրառված բռնությունների բոլոր հանգամանքների բազմակողմանի հետազոտումն ապահովելու, առերևույթ հանցագործություն կատարած անձանց ինքնությունը և շրջանակը պարզելու ուղղությամբ։

ՀՀ քննչական կոմիտե

Այս խորագրի վերջին նյութերը