Քաղաքական

09.02.2015 14:29


Նաիրա Զոհրաբյան. «Իրենց «Ապահով Հայաստանը» գանգստերական, բանդիտական Հայաստանն է»

Նաիրա Զոհրաբյան. «Իրենց «Ապահով Հայաստանը» գանգստերական, բանդիտական Հայաստանն է»

«Կասեցում» նախաձեռնության անդամ Արտակ Խաչատրյանի առևանգումն ու խոշտանգումը դատապարտող քաղաքացիներն այս պահին բողոքի գործողություն են իրականացնում ՀՀ ոստիկանության մոտ։

–«Ապահով» հռչակված Հայաստանում օրը ցերեկով, բազմաթիվ ականատեսների ներկայությամբ, իր և իր համերկրացիների համար պայքարող երիտասարդին ամենացինիկ և լկտի ձևով առևանգում և 6 ժամ շարունակ դաժան ծեծի են ենթարկում,–հայտարարել է ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը։

Նա պնդել է, որ տեղի ունեցած բռնությունը պատվիրված է, և անձնական որևէ մոտիվացիա չկա.

–Այն բացառապես կապված է Արտակ Խաչատրյանի հանրային գործունեության հետ։ Վերջին շրջանում Հայաստանում տեղի ունեցող հաշվեհարդարները՝ իրենց իրավունքների համար պայքարող քաղաքացիների նկատմամբ, մեկ բանի մասին են վկայում՝ իրենց հռչակած «Ապահով Հայաստանը» գանգստերական, բանդիտական Հայաստանն է։ Եվ տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունը, ինչպես ասվել է ԲՀԿ–ի հայտարարության մեջ, քաղաքական իշխանությանն է։ Եվ եթե շատ կարճ ժամկետում չբացահայտվի այս զազրելի հանցագործությունը, ապա, միանշանակ, պահանջվելու են բազմաթիվ հրաժարականներ։ Սա սոցիալական բանդիտիզմի երկիր չպետք է լինի։ Սա Հայաստանն է, որտեղ տերը ՀՀ ազատ, ինքնիշխան, իրենց իրավունքների համար պայքարող քաղաքացիներն ենք, ովքեր եկել են այստեղ ասելու՝ ապահո՞վ, թե՞ գանգստերական Հայաստան։

Այնուհետև ցուցարարները բացականչել են՝ «Բացահայտում կամ հրաժարական», «Ա՛յ քեզ խայտառակություն, ՀՀ ոստիկանություն»։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը