Կարծիք

07.02.2015 12:18


Ընդամենը մեկ հարց

Ընդամենը մեկ հարց

Երբ հին հույն պատմաբան Ֆուկիդիդոսը գրում էր իր աշխատանքը՝ կարևորելով պատմությունն այն առումով, որ, ըստ փիլիսոփայի, այն օգնում է հասկանալ անցյալում արած սխալներն, ու այլևս չկրկնել նրանք, նա դեռ չգիտեր, որ աշխարհում կլինի մի պետություն, որի ժողովուրդը դարեր շարունակ կմնա ուրիշների հույսին՝ մտածելով, որ նրա խնդիրները պետք է լուծեն երկրորդ և երրորդ պետությունները: Եվ պատմաբանը չգիտեր, որ դարեր շարունակ այդ ժողովուրդը կտանջվի, ցեղասպանությունների կենթարկվի, բայց այդպես էլ չի հասկանա, որ սեփական խնդիրները պետք է լուծել սեփական ուժերով, այլ ոչ թե մնալ ուրիշների հույսին:

Այսօր թերթերից մեկում կարդում եմ Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Ջեյն Լիչի հետ հարցազրույցը, որի ընթացքում լրագրողը հարց է ուղղում դեսպանին՝ «Արդյոք միջազգային հանրության անգործությո՞ւնը չէ պատճառը, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը չի թուլանում»:

Ընդամենը մեկ հարց, որը բնորոշում է մի ամբողջ ազգի մտածելակերպը, և որի գոյությունն անհնար է պատկերացնել աշխարհի որևէ առաջատար երկրում:
Իրականում ամբողջ հարցը կարող էր բավականին ադեկվատ լինել, եթե «միջազգային հանրություն» բառակապակցությունը փոխարինվեր «գործող իշխանություն» բառակապակցությամբ, քանի որ խնդիրների լուծումը կախված է ոչ թե այլ երկրների անգործությունից, այլ խնդիրներն ունեցող երկրի իշխանությունների քայլերից կամ գործողությունների բացակայությունից: Եվ եթե մենք ընդունում ենք, որ Հայաստանը գոնե դե յուրե ինքնիշխան պետություն է, ապա մեզ համար դա պետք է աքսիոմ լինի:

Ե՞րբ ենք մենք, վերջիվերջո, հասկանալու, որ այլ երկրների անգործությունը չէ երկրում տիրող սոցիալ–տնտեսական ծանր ճգնաժամի, արտագաղթի, քաղաքական մենաշնորհի, կորուպցիայի և այլ քայքայող երևույթների պատճառը: Ե՞րբ ենք մենք հասկանալու, որ երրորդ երկրի իշխանությունները չէ, որ պետք է ճիշտ դրամավարկային և հարկային քաղաքականություն վարեն, որպեսզի երկրում զարգանան շուկայական հարաբերությունները, մանր և միջին ձեռնարկությունները, որ երկիրը գրավիչ դառնա օտարերկրյա ներդրումների համար, իսկ «սաշիկիզմ» հասկացությունը վերանա և այլևս խոչընդոտ չդառնա բիզնեսի զարգացման համար: Մենք պետք է հստակ հասկանանք, որ մե՛ր իշխանություններից է պետք պահանջել դադարեցնել «նախաձեռնողական» լինելն ու «և՛, և՛»-ի քաղաքականություն վարելը, որի հետևանքով մենք անվստահելի գործընկեր ենք դառել թե՛ Ռուսաստանի և թե՛ Արևմուտքի համար, ինչի վառ ապացույցն է նաև օտարերկրյա ներդրումների կրճատումը, էլ չեմ խոսում քաղաքական ծանր հետևանքների մասին: Եվ միայն ու միայն մեր իշխանություններն են, որ պատասխանատվություն են կրում երկրի ռազմավարական նշանակություն ունեցող օբյեկտների կորստի համար, քանի որ հենց մեր երկրի իշխանություններն են, որ ի վիճակի չեն ադեկվատ կերպով կառավարել ազգային ունեցվածքը:

Եվ երկրի թուլացման համար պատասխանատու են միայն ու միայն գործող իշխանությունները, և հարցը՝ «Արդյոք անգործությո՞ւնը չէ պատճառը, որ հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը չի թուլանում», պետք է ուղղել երկրի նախագահի աթոռը զբաղեցրած Սերժ Սարգսյանին, ով գոնե դե յուրե հանդիսանում է երկրի գերագույն գլխավոր հրամանատար, և ով պատասխանատու է երկրի զարգացման, իսկ մեր դեպքում՝ թուլացման համար: Եվ մեր երկրի թուլությունն է, որ հանգեցրել է լարվածության աճին, քանի որ այս աշխարհում ամեն ինչ, նույնիսկ՝ պետությունը, ենթարկվում է բնության օրենքներին, իսկ բնության օրենքն ասում է, որ թույլը միշտ պարտվում է, և, վատագույն դեպքում, դադարում գոյություն ունենալ:

Հ.Գ.: Հուսով եմ, որ մենք բավականին ադեկվատ կլինենք ու կհասկանանք, որ չարժե սպասել, մինչև իրագործվի վատագույն տարբերակը, այլ պետք է մոբիլիզացվել ու իշխանափոխության միջոցով իշխանությունից հեռացնել երկիրը թուլացնողին: Այլ տարբերակ չկա:

Նինա Մարգարյան

Այս խորագրի վերջին նյութերը