Կարծիք

06.02.2015 23:40


Արմեն Հարությունյան

Արմեն Հարությունյան

Համբերության բաժակն ու ֆուտբոլի գնդակը

Հազիվ երեկ ու այսօր հասցրեցի ծանոթանալ Գագիկ Ծառուկյանի հրավիրած խորհրդաժողովի բոլոր ելույթներին, որպեսզի պատկերացում կազմեմ, թե ինչ տվեց այն, ու ինչ արդյունք սպասենք այդ քննարկումներից: Բայց ողջ համացանցը երեկ ու այսօր ողողված էր խորհրդաժողովի բովանդակության հետ ոչ մի առնչություն չունեցող ինչ–որ մանր-մունր հարցերով, որոնց իշխանական համացանցային ակտիվիստները փորձում էին սկանդալային բովանդակություն հաղորդել, ասես կարևորը դահլիճի պատերի գույնն էր, կամ էլ կազմակերպիչները պետք է մասնակիցների ռենտգեն լուսանկարները պահանջեին, որպեսզի պատկերացում կազմեին, թե ով ինչ խնդիրներ ունի, որ նոր իմանային՝ դահլիճ թողնեին, թե ոչ:

Ինչ խոսք, խորհրդաժողովի հիմնական ելութը Գագիկ Ծառուկյանինն էր, որում հստակ շեշտվեցին մի քանի կարևոր մտքեր:

Գնահատական տրվեց ժողովրդի օրհասական վիճակի ու այդ վիճակին հասցնող իշխանությունների գործունեությանը: Զգուշացում հնչեցվեց թե՛ իշխանությունների ու թե՛ հանրության մեջ մեծ թվով «տաք» գլուխների համար, որ նման վիճակը պայթյունավտանգ է, ու ժողովուրդը կարող է հախուռն կերպով փողոց լցվել, ինչը հղի է անկանխատեսելի հետևանքներով, ու դրանից պետք է ոչ միայն զգուշանալ, այլև համապատասխան եզրակացություն անել: Ուստի, եթե ընդդիմությունն այնքան պատասխանատու է, որ այդ վիճակում խժդժություններ չի հրահում, դա չի նշանակում, որ կարող է թույլ տալ, որ իշխանությունները դրանից ոգևորվեն, ու այնքան անպատասխանատու գտնվեն, որ շարունակեն երկրի կործանումը, ինչ է թե ընդդիմությունը ցնցումների չի տանում երկիրը: Բայց որքան էլ ցնցումներն անցանկալի լինեն, երկիրն անցնցում անդունդ գլորելը հանդուժելը պակաս անցանկալի չէ:

Ծառուկյանի ելույթում կարևորվեց քաղաքական մենաշնորհի վերացումը, իսկ դրան հասնելու ճանապարհն ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններն են, որի արդյունքում էլ կձևավորվի նոր որակի իշխանություն: Իսկ դատելով նրանից, որ իշխանությունները ոչ մի կերպ չեն ցականում կատարել հասարակության անունից՝ «եռյակի» կողմից իրենց ներկայացված պահանջները, ապա խոսք կգնա արդեն արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրությունների մասին:
Խոսվեց նաև, որ Սահմանադրության փոփոխությունը մեր երկրի այս վիճակում ուղղակի անթույլատրելի է, և եթե իշխանությունները համառեն այդ հարցում, չգիտակցեն հարցի ողջ վտանգավորությունը, որ չի կարելի միայն վերարտադրության մասին մտածել, ապա դա կկանխվի հզոր հանրահավաքների միջոցով, ու արդյունքում հանրաքվեն կդառնա իշխանություններին անվստահության հայտնելու միջոց, եթե, իհարկե, դրան չհասնենք ավելի շուտ:

Պետք է հաշվի առնել, որ Ծառուկյանը հրավիրել էր այն քաղաքական ու հասարակական գործիչներին, որոնք մինչ խորհրդաժողովն արդեն հրապարակավ իրենց զորակցությունն էին հայտնել համաժողովրդական շարժմանն ու հատկապես ԲՀԿ-ին ու նրա առաջնորդին, ուստի բնական էր, որ այն անցնելու էր փոխվստահության պայմաններում ու ռազմավարական առումով՝ համախոհության մթնոլորտում: Իսկ այն, որ մարտավարական առումով որոշ հարցերում նաև տարբեր տեսակետներ էին հնչում, դա էլ բնական էր, քանի որ տարբեր ուժերի ներկայացուցիչներ էին մասնակիցները, ու հենց դրանով էլ կարևոր է նման միջոցառումների անցկացումը, որպեսզի միասնաբար քննարկեն երկրում ստեղծված իրավիճակն, ու ելքեր գտնեն:

Իսկ երբ կլինի նաև խորհրդաժողովի արդյունքում ձևավորված ու հնչած կարծիքների վրա հիմնված հռչակագիրը, ապա ավելի առարկայական գնահատական կտանք հետագա անելիքների մասով:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1539102843028164&id=100007853887323&pnref=story

Այս խորագրի վերջին նյութերը