Կարծիք

06.02.2015 15:50


Երբ մարմինը չգիտի, թե ինչ է անում գլուխը

Երբ մարմինը չգիտի, թե ինչ է անում գլուխը

Գալուստ Սահակյանն այսօր իրեն թույլ է տվել մեկնաբանել ԲՀԿ առաջնորդ Գ. Ծառուկյանի երեկվա ելույթը՝ նշելով.
«ԲՀԿ ղեկավարին հրամցրել էին շատ բառերով բեռնած, դժվարընթեռնելի մի նյութ, որի տրամաբանական կառուցվածքը կաղում էր, իսկ ներքին հակասություններն աղաղակող էին»։
Այն, որ համապատասխան բառերով բեռնված քաղաքական բովանդակությամբ տեքստը Գալուստ Սահակյանի համար ընկալելի չէր, մեծ հաշվով, իր խնդիրն է։ Վերջիվերջո, եթե ԱԺ ղեկավարը քաղաքական տեքստերի ընկալման հետ խնդիրներ ունի, կարող է դիմել իր օգնականներին դրանք մեկնաբանելու համար։ Իմ անձնական աղբյուրների տվյալներով՝ Սահակյանը մասնագիտությամբ քաղաքագետ օգնականի պակաս չունի, բացի այդ էլ՝ կորած մարդ չի. կարող էր զանգ տալ, օրինակ, քաղաքագետ Լևոն Շիրինյանին, և նա, չեմ կասկածում, անպայման պարզ բառերով կփոխանցեր Ծառուկյանի ելույթի կարևոր հղումներն իշխանություններին։

Ինչ վերաբերում է «դժվարընթեռնելի մի նյութ»–ին. համեմատած ԱԺ նիստերի օրակարգի կամ կանոնակարգ օրենքների, կամ նմանատիպ այլ նյութերի, որոնք Գալուստ Սահակյանը ոչ մեծ հեշտությամբ ընթերցում է պատգամավորների համար՝ Ծառուկյանի ելույթի նյութն, իրոք, նրա համար դժվարընթեռնելի կլիներ։
Սակայն հետաքրքիրը հետևյալ արտահայտությունն է՝ «ներքին հակասություններն աղաղակող էին»։ Այո, Ծառուկյանի հղած «մեսիջներն», իրոք, աղաղակող էին և լի ներքին հակասություններով իշխանությունների քաղաքական ծրագրերի հետ։
Օրինակ՝ ինչպե՞ս կարող է Ծառուկյանի այս միտքը ներքին հակասությունների մեջ չլինել սահմանադրական փոփոխությունների՝ Սերժ Սարգսյանի քաղաքական մտադրության հետ. «Մենք պետք է լրջորեն պատրաստվենք ընտրությունների միջոցով նոր իշխանությունների ձևավորմանը՝ մերժելով առանց կոնսոլիդացիայի, առանց քաղաքական ուժերի սատարման՝ սահմանադրական փոփոխությունների փորձերը»։

Իսկ հիմա ամենահետաքրքիր մասը։ Սա անգամ ավելի հետաքրքիր է, քան Գալուստ Սահակյանի ցմահ մահապատիժը։ Մի փոքր խոսենք տրամաբանությունից պետական քաղաքականության մեջ։ Որքանո՞վ է տրամաբանական, երբ իշխող ՀՀԿ խմբակցության ղեկավար, քաղաքական գործիչ Գալուստ Սահակյանը 2013թ. սեպտեմբերի 3-ին հայտարարում է, որ Սերժ Սարգսյանի «ասոցացվելուն» որևէ խանգարող հանգամանք չկա, իսկ մինչ այդ Սերժ Սարգսյանը Մոսկվայում մտնում է Մաքսային միություն։
Երևի դա է նախկին ԱԺ ղեկավարի տրամաբանությունը, երբ մարմինը չգիտի, թե ինչ է անում գլուխը։
Որպեսզի հետագայում էլ Գալուստ Սահակյանը անտրամաբանվածության զոհ չդառնա, առաջարկում ենք գլխից բռնել։

Աննա Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը