Կարծիք

06.02.2015 14:42


Սկզբից ինքներդ կողմնորոշվեք, թե որ դաշտում եք խաղում

Սկզբից ինքներդ կողմնորոշվեք, թե որ դաշտում եք խաղում

Երբ ՀՅԴ վերնախավը խոսում է քայլերի և կիսաքայլերի մասին, մեկնաբանում է Գագիկ Ծառուկյանի երեկվա ելույթը խորհրդաժողովին կամ հայտարարում, թե «եթե «ա»-ն ասում են, «բ»-ն էլ պիտի ասեն, ապա քաղաքական կյանքին հետևող մարդկանց մտքին, բացի ժպիտից, այլ բան չի գալիս:

Դե, չի կարող մարդը լուրջ վերաբերվել մի մարդու խոսքերին, երբ նույն ՀՅԴ-ն մի կողմից դեռ պաշտոնապես ՀՀԿ-ի հետ կոալիցիա չի կազմել, բայց մյուս կողմից էլ՝ սատարում է ՀՀԿ-ի գրեթե բոլոր նախաձեռնություններին: Օրինակ՝ ՀՀԿ-ի հետ միասին կողմ են քվեարկում «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցին, միասնական ուժերով արտահերթ նիստ են հրավիրում և միասնական ուժերով քաղաքական գործիչների նկատմամբ բռնությունները դատապարտող, ոչինչ չասող և չպահանջող հայտարարության տեքստ են մշակում: Դե, էլ չեմ խոսում Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնած, նրա իշխանությունը հավերժացնելու նպատակ հետապնդող սահմանադրական փոփոխություններին ակտիվորեն աջակցելու մասին, ինչպես նաև չեմ խոսում էն բանի մասին, որ վերջերս ՀՅԴ ներկայացուցիչներն ակտիվորեն քննադատում են ոչիշխանական ուժերի համատեղ քայլերը, բայց թթու խոսք անգամ չեն հնչեցնում Սերժ Սարգսյանի հասցեին:

Ու էսքանից հետո Ռուստամյանն իրեն իրավունք է վերապահում խոսել քայլերի և կիսաքայլերի մասին: Հարգելինե՛րս, դուք սկզբից ինքնե՛րդ կողմնորոշվեք, թե որ դաշտում եք խաղում (թեև, իհարկե, էսօր պարզից էլ պարզ է, որ Սերժի, բայց անհրաժեշտ է պաշտոնական հայտարարություն), իսկ հետո ուրիշներին քննադատեք:

Գրիգոր Աթանեսյան

Այս խորագրի վերջին նյութերը