Տնտեսական

06.02.2015 13:41


Տնտեսագետ. «Հետաձգումը երբեք լուծում չի»

Տնտեսագետ. «Հետաձգումը երբեք լուծում չի»

Այսօրվա ասուլիսին տնտեսագետ Վարդան Բոստանջյանը, խոսելով սոցիալ–տնտեսական, մասնավորապես, ՓՄՁ–ի խնդրից, ասել է. «Ամբողջ աշխարհում, այդ թվում՝ զարգացած աշխարհում, ՀՆԱ–ի ստեղծման հիմնական շեշտը դրվում է ՓՄՁ–ի վրա»։

Ըստ բանախոսի՝ ՓՄՁ–ն մեծ դեր է խաղում ոչ միայն միջին խավի, այլ նաև քաղաքացիական հասարակության ձևավորման հարցում։

–Փոքր և միջին ձեռնարկությունների ոչ ցանկալի վիճակը, ըստ էության, պայմանավորում է նաև տնտեսական մրցակցության ամբողջ հարաբերությունների խաթարումը։ ՀՀ–ում մենք տեսնում ենք, որ մոնոպոլիզացիայի մեծ աստիճանի պարագայում շրջանառությունը հիմնականում իրականացվում է փոքր թվով սուբյեկտների կողմից, որի պարագայում ՓՄՁ–ն, որպես այդպիսին, չի մնում գործունեության տիրույթ։ Եթե չկա, ուրեմն չկա զբաղվածություն, չկա եկամուտ, և դա բերում է աղքատության բարձր մակարդակի, որը կա ՀՀ–ում, – ասել է նա։

Բոստանջյանի խոսքերով՝ երկրում առկա է սոցիալական բևեռացվածության անտանելի աստիճան, որը հանգեցնում է բնակչության բողոքի, արտագաղթի։ Ինչ վերաբերում է «Շրջանառության հարկի մասին» օրենքի հետաձգմանը, տնտեսագետն ասել է. «Հետաձգել չի նշանակում հարցը լուծել։ Ցանկացած հետաձգում՝ սպասենք, տեսնենք՝ ինչ կլինի, և նման բաներ կարելի է ամենացածր մակարդակում ասել, բայց պետության մակարդակով ինչպե՞ս կարելի է հետաձգել մինչև փետրվարի 1-ը, տեսնենք՝ փետրվարի մեկին ժողովուրդը չի մոռացել, դե լավ, այժմ էլ հետաձգենք մինչ հուլիսի 1-ը, և այսպես շարունակ։ Հետաձգումը երբեք լուծում չի»։

Բանախոսի համոզմամբ՝ պետք է արմատական փոփոխություններ իրականացվեն.

–Պետք է հասկանալ, որ ունես բնակչություն. այդ բնակչությունը չպետք է զոհվի, պետք է ապրի։ Բնակչությունը պետք է գոնե իր տան ամենաառաջնահերթ խնդիրները լուծի։ Կառավարումը պետք է գնա այդ ուղղությամբ։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը