Լրահոս

05.02.2015 15:05


Արմեն Գրիգորյան. «Սահմանադրական փոփոխությունները կանխելու միակ տարբերակը հասարակական և քաղաքական կոնսոլիդացիան է»

Արմեն Գրիգորյան. «Սահմանադրական փոփոխությունները կանխելու միակ տարբերակը հասարակական և քաղաքական կոնսոլիդացիան է»

Քաղաքագետ Արմեն Գրիգորյանի ելույթը ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի նախաձեռնած «Ոչիշխանական քաղաքական և հասարակական ուժերի խորհրդաժողովում»

Հարգելի՛ խորհրդաժողովի մասնակիցներ,

Այսօրվա խորհրդաժողովին քննարկվում են տարբեր խնդիրներ, որոնք կարևոր են հայկական պետականության կայացման համար: Բայց ես ցանկանում եմ ձեր ուշադրությունը հրավիրել կարևոր մեկ խնդրի վրա, որն այսօր Հայաստանի պետականության կայացման ամենավտանգավոր մարտահրավերն է: Այդ մարտահրավերի անունն է սահմանադրական փոփոխություններ:

Սերժ Սարգսյանի կողմից նախաձեռնած սահմանադրական փոփոխություններն ավելի շատ խնդիրներ են ստեղծելու Հայաստանի համար, քան՝ լուծելու: Կարծում եմ՝ որևիցե մեկն այսօր կասկած չունի, որ սահմանադրական փոփոխությունների նպատակն իշխանության վերարտադրումն է: Իսկ վերարտադրության համար կառավարման համակարգի ձևախեղումը խորացնելու է Հայաստանի ներկայիս ճգնաժամը, որի արդյունքում մենք կկանգնենք ոչ միայն Արցախի կորստի վտանգի առաջ, այլև ի հայտ կգա, որ Հայաստանը կանգնած է գոյության խնդրի առաջ:

Սահմանադրական փոփոխությունների այն փաթեթը, որն առաջարկվել է հանրությանը, իր մեջ պարունակում է ավտորիտարիզմն ուժեղացնող տարրեր, որը նաև Սերժ Սարգսյանի համար ցմահ կառավարելու նախադրայալներ է ստեղծելու: Ռացիոնալ դատող ցանկացած մարդու համար, նույնիսկ նրանց համար, ովքեր կողմնակից են պառլամենտական կառավարման համակարգին, միանշանակ անընդունելի է փոփոխությունների այդ տարբերակը, որովհետև այն ստեղծելու է ոչ թե պառլամենտական կառավարման համակարգ, այլ մեկ մարդու և մեկ ուժի իշխանություն Հայաստանում: Իսկ այդ ամենը պառլամենտարիզմի հետ որևիցե առնչություն չունեն:

Սահմանադրական փոփոխությունների փաթեթում հնչեցված մտքերից երևում է, որ դրանք գրվել են կամ իրական նպատակը թաքցնելու կամ էլ տող լրացնելու համար: Տող լրացնելու մասով ցանկանում եմ նշել մեկ օրինակ:

Հանձնաժողովի անդամները երկար աշխատանքից հետո եկել են այն եզրահանգման` «արդարադատությունը պետք է լինի անկախ ու անկողմնակալ»: Սահմանադրական հայեցակարգում նման միտք գրելը փաստում է, որ «սահմանադրագետները» զբաղված են կեղծիքով, և տող լրացնելու համար գրում են ցանկացած միտք:

«Սահմանադրագետների» աշխատանքը հիշեցնում է հայտնի մուլտֆիլմը, ըստ որի՝ ամռանը պետք է տաք լինի, իսկ ձմռանը՝ ցուրտ, ավելի լավ է լինել առողջ և հարուստ, քան հիվանդ և աղքատ:

Բոլորին էլ պարզ է, չէ՞, որ առանց սահմանադրական փոփոխությունների էլ հնարավոր է իրականացնել անկախ ու անկողմնակալ արդարադատություն: Եթե, իհարկե, կա քաղաքական նման կամք: Իսկ պրակտիկան ցույց է տալիս, որ նման կամք չկա, ու չի էլ լինի:

Սահմանադրական փոփոխություններն այս տարբերակով իրականություն դառնալու դեպքում Հայաստանը բռնելու է Հյուսիսային Կորեայի ճանապարհը: Սարգսյանն իշխանությունը պահելու է մինչև կյանքի վերջը, իսկ այնուհետև փոխանցելու է հնարավոր ժառանգին:

Այսինքն, մենք ավելի ենք մոտենալու Ադրբեջանին, որտեղ իշխանությունը պատկանում է մեկ ընտանիքի, սակայն նավթ չունենալու պատճառով Հայաստանը միանշանակ պարտվելու է: Ավելին, նման սցենարի դեպքում այս դահլիճում գտնվողները, ինչպես նաև հանրության մեծ մասը հայտնվելու են քաղաքական ռեպրեսիաների վտանգի առաջ, իսկ չհամակերպվելու դեպքում կա՛մ բանտ ենք նստելու, կա՛մ աքսորվելու ենք:

Այս ամենը շատ լավ է հասկանում նաև հանրությունը: «APR Group»-ի կատարած հետազոտությունը ցույց է տալիս, որ հանրության 60 տոկոսը գտնում է, որ Սահմանադրությունը փոխելու անհրաժեշտություն չկա, այսինքն՝ բացարձակ մեծամասնությունը դեմ է, իսկ մոտ 15 տոկոսը դժվարանում է ասել, թե կա՞ նման անհրաժեշտություն, թե՞ ոչ: Ավելին, հանրության 40 տոկոսը գտնում է, որ երկրի սոցիալ-տնտեսական խնդիրները լուծելու ճանապարհը իշխանափոխությունն է: Այս հետազոտության արդյունքները նաև կոնկրետ «մեսիջ» ունեն ոչ իշխանական ուժերի համար:

Միանշանակ, Հայաստանի անկախության համար մղված երկար տարիների պայքարի նպատակը չի եղել այն, որ այն վտանգի ենթարկվի մեկ մարդու ցանկությունների պատճառով:

Պարզ է, որ սահմանադրական փոփոխությունները կանխելու միակ տարբերակը հասարակական և քաղաքական կոնսոլիդացիան է: Տարբեր մակարդակներում ստեղծված կոնսոլիդացիայի շնորհիվ այսօր հաջողվել է հետաձգել այդ փոփոխությունների մեկնարկը: Հոկտեմբերի 10-ի հանրահավաքն այդ կոնսոլիդացիայի վառ ապացույցն է, որի արդյունքում Սարգսյանը հետաձգեց սահմանադրական փոփոխությունների մեկնարկը մինչև փետրվար-մարտ:

Քաղաքական տրամաբանությունը հուշում է, որ պետք է շարունակել այդ ճնշումները, և հասնել նրան, որ Սարգսյանը վերջնական հրաժարվի սահմանադրական փոփոխությունների գաղափարից: Առանց այս սպառնալիքը չեզոքացնելու՝ հնարավոր չի լինելու լուծել այլ հարցեր Հայաստանում: Իսկ չեզոքացնելու տարբերակներից մեկն էլ իշխանափոխությունն է:

Այս խորագրի վերջին նյութերը