Քաղաքական

05.02.2015 13:20


Նաիրա Զոհրաբյան. «Իշխանությունն ունի զրոյական վստահություն, տապալել է բոլոր ոլորտները»

Նաիրա Զոհրաբյան. «Իշխանությունն ունի զրոյական վստահություն, տապալել է բոլոր ոլորտները»

ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի հրավիրած «Ոչիշխանանական քաղաքական, հասարակական ուժերի խորհրդաժողովի» ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է՝ օր առաջ իշխանափոխություն է պետք։

Նա ընդգծել է, որ այս իշխանությունն ունի զրոյական վստահություն, տապալել է բոլոր ոլորտները, իսկ բոլոր այն մարդիկ, ովքեր պատասխանատու են այդ ձախողումների համար, այսօր բարձրաստիճան պաշտոններ են զբաղեցնում։

–Նրանցից մեկը, օրինակ, հետևելով Քիմ Քարդաշյանի օրինակին, ֆոտոսեսիաներ է կազմակերպում «Ֆեյսբուքում»։ Մարդիկ տեսնում են, որ այս իշխանությունը ռեսուրս չունի՝ պատժելու մեղավորներին, և սա տեսնելով՝ հասարակությունը բռնում է արտագաղթի ճանապարհը,–ասել է Ն. Զոհրաբյանը՝ նկատի ունենալով ՀՀ նախկին վարչապետ, այժմ ԱՄՆ–ում ՀՀ դեսպան Տիգրան Սարգսյանին։

Ն. Զոհրաբյանն ընդգծել է նաև, որ հաշվի են նստում այն իշխանության հետ, ով ինքն իրեն և իր ժողովրդին է հարգում, իսկ մեր երկրի գործող իշխանությունը հասցրել է նրան, որ իր ճակատին դաջվել է ֆորպոստի կարգավիճակը։

–Ազնիվ չեն բոլոր այն քաղաքական ուժերը, որոնք պաշտպանում են սահմանադրական փոփոխությունները։ Մենք բոլորս գիտենք, որ մեղավորը Սահմանադրությունը չէ. եթե իշխանությունները հարգեին Սահմանադրությունը, ապա լրիվ այլ իրավիճակ կլիներ։ Իսկ հակառակը պնդողների նպատակը մեկն է՝ սահմանադրական փոփոխությունների ավանտյուրայի տակ ևս 10 տարի շարունակել իրենց իշխանավարությունը։ Մելիք–Ադամյանը դարձրել են Քրիստոսի դուռ և ասում են, որ ևս 10 տարի իրենք են կառավարելու, ու դրանով մատնում են իրենց բուն նպատակը։ Մենք այստեղ հավաքվել ենք՝ հասնելու իշխանափոխության։ Արյունահեղությունը, բախումները ճանապարհ չեն, և եթե իշխանության մեջ կան մարդիկ, ովքեր կկարողանան երկխոսության միջոցով զիջել իշխանությունը, լա՛վ։ Եթե ոչ, մենք պետք է խոսենք բոլորովին այլ խաղի կանոնների մասին, որովհետև երկիր ենք կորցնում. այս իշխանությունն՝ իր քաղաքականությամբ, երկիրը հասցնում է անդառնալի կետի,–եզրափակել է Ն. Զոհրաբյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը