Լրահոս

05.02.2015 09:56


Քաղաքացին մեղադրվում է 598 մլն դրամի չափով հարկերից չարամտորեն խուսափելու համար. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Քաղաքացին մեղադրվում է 598 մլն դրամի չափով հարկերից չարամտորեն խուսափելու համար. նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում

Քաղաքացի Արթուր Կ.-ի կողմից առանձնապես խոշոր չափերի հարկեր վճարելուց չարամտորեն խուսափելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ ՀԿԳ քննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցված քրեական գործը ՀՀ գլխավոր դատախազության միջոցով ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն և ընդունվել վարույթ:
Նախաքննությամբ պարզվել է, որ Երևանի քաղաքապետարանի որոշումներով քաղաքացի Արթուր Կ.-ին պատկանող ՍՊ ընկերությանը տրամադրվել է 90 հազ. քառակուսի մետր հողատարածք` բնակելի թաղամաս կառուցելու նպատակով: Արթուր Կ.-ն, թաղամաս կառուցելու փոխարեն, ընկերությանը տրամադրված հողատարածքը մաս-մաս վաճառելու, դրա արդյունքում պետական բյուջե վճարման ենթակա հարկերը վճարելուց չարամտորեն խուսափելու և այդ կերպ գերշահույթ ստանալու մեկ միասնական դիտավորությամբ հողատարածքը բաժանել է առանձին հողակտորների: Նա, իր ՍՊ ընկերությունից բացի, հիմնել է մեկ այլ ՍՊ ընկերություն ևս և այդ ընկերությանն է փոխանցել վերը նշված հողակտորներից 11 հազ. քառակուսի մետր մակերեսով հողակտորը, որն էլ 5 մլն. 500 հազ. ԱՄՆ դոլար գումարով վաճառել է քաղաքացի Արմեն Կ.-ին:
Արթուր Կ.-ն, հանդիսանալով ՍՊ ընկերության տնօրենը և 100% բաժնեմասի տերը, Մելիք Հ.-ի հետ կնքել է ընկերության ամբողջ բաժնեմասի առուվաճառքի ձևական պայմանագիր և 11 հազ. քառակուսի մետր հողակտորը 241 հազ. 300 ՀՀ դրամ գումարով Մելիք Հ.-ին վաճառելու պատրվակով քողարկել է առանց օրենքով սահմանված կարգով փաստաթղթավորված 5 մլն 500 հազ. ԱՄՆ դոլար գումարով հողակտորը Արմեն Կ.-ին վաճառելու փաստը: Այդ կերպ, Արթուր Կ.-ն չարամտորեն խուսափել է նշված հողակտորի վաճառքից պետական բյուջե վճարման ենթակա առանձնապես խոշոր չափերի` 559 մլն. 937 հազ. ՀՀ դրամի հարկերը վճարելուց:
Շարունակելով իր հանցավոր գործունեությունը՝ Արթուր Կ.-ն իր ընկերությանը պատկանող ընդհանուր 2 հազ. քառակուսի մետր հողակտորը 500 հազ. ԱՄՆ դոլար գումարով վաճառել է Սուրիկ Խ.-ին, կնքել է անշարժ գույքի ձևական բնույթ կրող առուվաճառքի պայմանագրեր, համաձայն որոնց` ընդհանուր 2 հազ. քառակուսի մետր հողամասը վաճառել է 39 մլն. 600 հազ. ՀՀ դրամ գումարով` այդ կերպ չարամտորեն խուսափելով է պետական բյուջե վճարման ենթակա առանձնապես խոշոր չափերի` 37 մլն. 425 հազ. ՀՀ դրամ հարկերը վճարելուց:
Արթուր Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում և որպես խափանման միջոց ընտրվել է կալանավորումը:
Նախաքննությունը շարունակվում է:

Այս խորագրի վերջին նյութերը