Լրահոս

04.02.2015 17:28


ՀՀ արդարադատության նախարարը՝ Պերմյակովի գործի քննության մասին

ՀՀ արդարադատության նախարարը՝ Պերմյակովի գործի քննության մասին

ՀՀ արդարադատության նախարար Հովհաննես Մանուկյանն ԱԺ–Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադարձել է Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության մեջ մեղադրվող ռուս զինվոր Վալերի Պերմյակովի գործի քննությանը։

Նա նշել է, որ այն առաջացրել է իրավական բնույթի բազմաթիվ հարցեր։

–Այս պահին ՀՀ–ի և ՌԴ–ի կողմից իրականացվում է առանձին հանցակազմերով գործերի քննություն։ ՀՀ կառավարությունն այս պահին նպատակահարմար չի համարում հավելյալ իրավական մեկնաբանություններ անել՝ կապված քննչական և դատական սուվերենության, համապատասխան իրավապահ մարմինների իրավասությունների սահմանների և գործի քննության և այլ իրավական հարցադրումների հետ,–ասել է նախարարը,–մենք մտահոգված ենք, որ այն դեպքում, երբ գործը գտնվում է նախաքննության փուլում, քաղաքական, հուզական կամ այլ բնույթի հարցադրումները և հայտարարությունները կարող են անհարկի միջամտություն լինել, վտանգ պարունակել՝ խանգարելու քրեական գործով համապատասխան իրավական ընթացակարգերին։

Նա հիշեցրել է, որ ՀՀ և ՌԴ համապատասխան ծառայությունները համագործակցում են, ինչը կապահովի քրեական գործերի քննության բազմակողմանիությունը, լրիվությունն ու օբյեկտիվությունը.

–Այս պահին նաև առկա է ՀՀ գլխավոր դատախազի համապատասխան միջնորդությունն իր գործընկերոջը, որի ճակատագրի մասին առաջիկայում, հավանաբար, կիմանանք։

Հ. Մանուկյանը ՀՀ կառավարության պատրաստակամությունն է հայտնել՝ իր իրավասության շրջանակներում աջակցելու ցանկացած գործընթացի, որը խնդրի ոչ միայն օրինական լուծման հնարավորություն կստեղծի, այլ նաև հանրային ընկալման տեսակետից կհամապատասխանի արդարության չափանիշներին և սահմանմանը։

–Հուսով ենք, որ մենք, այնուամենայնիվ, դրա ականատեսը կլինենք,–եզրափակել է Հ. Մանուկյանը։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը