Տնտեսական

04.02.2015 12:38


ԲՀԿ պատգամավոր. «Մենք պետք է փոքր ու միջին բիզնեսին ազատություն տանք»

ԲՀԿ պատգամավոր. «Մենք պետք է փոքր ու միջին բիզնեսին ազատություն տանք»

Այսօրվա ասուլիսին ՀՀ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը նշել է, որ երկրի տնտեսական ու սոցիալական իրավիճակը բացարձակապես գոհացուցիչ չէ։ Խոսելով «Շրջանառության հարկի մասին» օրենքից՝ նա ասել է. «Հարկային քաղաքականության, վարչարարության ոլորտում մեր պետությունն այս փուլում ճիշտ ճանապարհով չի գնում. փոքր և միջին բիզնեսին աջակցելու փոխարեն, փաստորեն, մենք նոր պրոբլեմներ ենք ստեղծում, բայց կարևոր «մեսիջը» ոչ թե դրա բովանդակությունն է, այլ այն, որ այս հետաձգումը ցույց տվեց, որ ժողովուրդը կարող է հարց լուծել»։

«Շրջանառության հարկի մասին» օրենքի վերաբերյալ լուծումները, ըստ պատգամավորի տեղեկատվության, պետք է մինչև փետրվարի 23-ն արդեն մշակված լինեն։

«Մենք պետք է փոքր ու միջին բիզնեսին ազատություն տանք», – շեշտել է բանախոսը։

Անդրադառնալով 50 մլրդ դրամից ավելի արտահանման դեպքում շահութահարկի 10 անգամ նվազմանը՝ 20 տոկոսից երկուսի՝ տնտեսագետն ասել է. «Առաջին հայացքից թվում է, թե սա շատ լավ բան է, հարկային բեռի իջեցում է։ Սա վերաբերում է այն սուբյեկտներին, որոնք ՀՀ տարածքում եկամուտ չեն ստանում այստեղի գործունեությունից, այսինքն՝ զուտ արտահանող պետք է լինեն։ Սա չի վերաբերելու լեռնահանքային արդյունաբերությանը և ակցիզային ապրանքներով արտահանում իրականացնողներին»։

Մելքումյանը հիշեցրել է լրագրողներին Գագիկ Ծառուկյանի՝ հայ–չինական համաժողովի նախաձեռնության մասին. «Ծառուկյանն իր հեղինակությունը դրեց, որ երեք ամսվա ընթացքում Չինաստանի նման խոշոր տնտեսություն ունեցող խոշորագույն ձեռնարկությունները գան»։

ԲՀԿ առաջնորդի նախաձեռնած խորհրդաժողովի կապակցությամբ էլ պատգամավորը նշել է. «Մենք պետք է գնանք տնտեսական աճի ակտիվ քաղաքականության։ Վաղվա համաժողովը Գագիկ Ծառուկյանի անձնական նախաձեռնությունն է։ Նա ուզում է խորհրդակցել, այսինքն՝ մենք ուզում ենք երկրի տեսլականը ճշտել քայլերի առումով բոլո՛ր կշիռ ներկայացնող մարդկանց հետ՝ կլինեն գիտնականներ, արվեստագետներ, հասարակական կազմակերպություններ, թե արտախորհրդարանական ուժեր։ Այսինքն, ո՞րն է դրա լավը. մարդը չի ուզում մենաշնորհային, ինքնուրույն որոշում կայացնել կամ «եռյակով»»։

Մելքումյանի խոսքերով՝ ԲՀԿ առաջնորդը ցանկանում է բոլորի՛ կարծիքը լսել. «Սա հարթակ է, որտեղ դուք ազատ կարող եք ձեր կարծիքն արտահայտել»։

Պատգամավորի հավաստմամբ՝ ԲՀԿ–ն դեմ է բարիկադներին ու մայդաններին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը