Կարծիք

04.02.2015 10:34


Բարեկարգված իշխանության պահանջով

Բարեկարգված իշխանության պահանջով

Վաղը՝ փետրվարի 5-ին, ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը հրավիրում է խորհրդաժողով, որին մասնակցելու են ոչիշխանական քաղաքական ուժերը, ինչպես նաև տարբեր հասարակական կազմակերպություններ և անհատ քաղաքացիներ:

Կարծում եմ՝ նման խորհրդաժողովի նպատակը մեկն է՝ ինչպես կազմակերպել հանրային կյանքը, որպեսզի յուրաքանչյուր քաղաքացի զգա պետության պատասխանատվությունը և հոգատարությունը:

Ասել, որ հանրապետությունում կան կուտակված և չլուծված խնդիրներ, նշանակում է ոչինչ չասել, քանզի միայն վերջին մեկ ամսվա ընթացքում կատարվածը բնութագրում է իշխանությունների կրավորական կեցվածքը բազմաբնույթ հիմնահարցերի նկատմամբ: Միայն արտագաղթի ցուցանիշը արձանագրում է, որ մարդիկ երկրից ցանկանում են հեռանալ. ոչ մի բարեկեցիկ երկրից քաղաքացիներն ընտանիքներով չեն հեռանում:

Հայաստանի Հանրապետությունը հայտնվել է խոր և կայուն ճգնաժամի մեջ՝ իշխանական իր բոլոր թևերով և գործառույթներով: Ինչ խոսք, կան արտաքին գործոններ՝ աշխարհաքաղաքական իրավիճակի լարվածությունը, սակայն ներքին կյանքում բարձիթողի վիճակը և իշխանությունների անպատասխանատու ու անտարբեր պահվածքը թույլ են տալիս բարձրաձայնելու, որ այս իշխանությունների հետ հույս կապել չի կարելի: Նրանք պարզապես ապրում են և գործում են իրենց անձնական ունեցվածքը կրկնապատկելու նպատակով:

Այսօր մեզ բոլորիս անհրաժեշտ է բարեկարգված իշխանություն, որտեղ առողջ ուժերը կգնահատեն իրավիճակը ու ի շահ քաղաքացու և պետության կանեն բանական և բարոյական գործողություններ:

Նման պարագայում կբարձրանա պետության վարկանիշը, իսկ բերված վարկերը կծառայեն իրենց նպատակին, ոչ թե ոմանց քմահաճույքին:

Այսօր անհրաժեշտ է, որ բոլորն իրենց ամբիցիաները վայր դնեն և փորձեն համատեղ ուժերով կերտել իրապես ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետություն բոլոր քաղաքացիների, այլ ոչ թե միայն «էլիտա» կոչվողների համար:

Գառնիկ Վաղարշակյան

Այս խորագրի վերջին նյութերը