Քաղաքական

03.02.2015 13:23


Նաիրա Զոհրաբյան. «Այդ խոշորները հերթական անգամ պետք են գալու ընտրությունները կեղծելու համար» (տեսանյութ)

Նաիրա Զոհրաբյան. «Այդ խոշորները հերթական անգամ պետք են գալու ընտրությունները կեղծելու համար» (տեսանյութ)

ՀՀ կառավարության ներկայացրած «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը հայտարարել է.

–Վերջին շրջանում իշխանության կերակրատաշտին կցված առավել ակտիվ տզրուկները և սկաուտները խիստ անհանգստացած են, թե ինչու են մեր Սփյուռքի տարբեր համայնքներ հրավիրում «Բարգավաճ Հայաստան»–ի ներկայացուցիչներին, որպեսզի մենք այնտեղ լսենք իրենց մտահոգությունները։ Ի դեպ, հրավիրում են ՀՀ այն քաղաքացիները, ովքեր ուղղակիորեն այս կամ այն ճանապարհն ընտրելով՝ մազապուրծ փախել են սեփական երկրից, որովհետև սեփական երկրում իրենք որևէ հնարավորություն չեն ունեցել՝ պահելու իրենց ընտանիքը։

Ն. Զոհրաբյանը նշել է, որ այդ հանդիպումներում գերակշռում են այն մարդիկ, ովքեր Հայաստանում ունեին փոքր և միջին բիզնես, և այդ բիզնեսով կարողանում էին մի կերպ պահել իրենց և մի քանի իրենց աշխատողների ընտանիքները.

–Փոքր և միջին ձեռներեցների հանդեպ Հայաստանի իշխանությունների վարած քաղաքականությունը հանգեցրել է նրան, որ այդ մարդիկ ստիպված են եղել լքել իրենց հայրենիքը, և լավ օրից չէ, որ նրանք լքել են Հայաստանը, և, այո՛, անհամբեր սպասում են, թե երբ է Հայաստանում լինելու այնպիսի իշխանություն, որի գերխնդիրը փոքր և միջին բիզնեսի մեջքը կոտրելը չլինի, որպեսզի նրանք կարողանան վերադառնալ իրենց հայրենիք։

Խոսելով «Շրջանառության հարկի մասին» օրենքից՝ ԲՀԿ–ական պատգամավորը համոզմունք է հայտնել, որ այն նպաստելու է արտագաղթին.

–Եթե ՓՄՁ–ի հանդեպ այս քաղաքականությունը շարունակվի, ապա նրանք շարունակելու են լքել հայրենիքը, և, այո՛, շարունակելու են պահանջել այն քաղաքական ուժերի ներկայացուցիչների հետ հանդիպում, որոնց վստահում են, և որոնց հետ կարող են քննարկել իրենց, մեր հայրենիքի հարցերը, թե երբ է մեր երկրում վերջապես լինելու այնպիսի իշխանություն, որտեղ խաղի կանոնն ուղղված չի լինելու երկրի հիմնական ողնաշար փոքր և միջին բիզնեսը կոտրելուն։ Եվ, այո՛, շարունակելու են «Բարգավաճ Հայաստան»–ի և այն քաղաքական ուժերի ներկայացուցիչներին հանդիպել, որոնց վստահում են։ Հարգարժա՛ն խորհրդարանական մեծամասնություն, չեն հրավիրելու ձեզ հանդիպման Սփյուռքի մեր հայրենակիցները, որովհետև նրանք փախել են ձե՛ր վարած քաղաքականությունից։ Սա՝ ի պատասխան կերակրատաշտին կցված խիստ անհանգիստների։ Գնացել ենք և, այո՛, գնալու ենք, որովհետև նրանք մեր քաղաքացիներն են, և նրանք իրավունք ունեն իրենց մտահոգությունները կիսելու։

Ինչ վերաբերում է բուն նախագծին, ապա Ն. Զոհրաբյանը պնդել է՝ ժամանակ ձգելը հարցի լուծում չէ։ Ոչիշխանական ուժերը պատրաստի նախագիծ ունեն, որը երեկ արտահերթ նիստով չեն ներկայացրել՝ հույս ունենալով, որ երկշաբաթյա ժամկետում կոնստրուկտիվ համաձայնություն ձեռք կբերվի։

–Այստեղ խոսվեց փոքր և միջին ձեռներեցներին հարկային գործակալներ, հարկային գործ տվողներ սարքելու միջոցով խոշորներին հայտնաբերելու մասին։ Կարծում եմ՝ Հայաստանի իշխանությունները շատ լավ գիտեն, թե ովքեր են այն խոշորները, որոնք պարբերաբար սպասարկում են իրենց կեղծված ընտրությունները, շատ լավ գիտեն, թե մաքսակետերում այդ խոշորների ապրանքն ինչպես է այս կամ այն հրաշքով հանկարծ տրանսֆորմացվում այլ ապրանքի, որպեսզի մաքսատուրքերը նվազեն։ Հույս ունեմ, որ մենք ունենք այնպիսի իշխանություն, որն անուն առ անուն ճանաչում է բոլոր այն խոշորներին, ու թե ինչպիսի մախինացիաներով են նրանք զբաղված հենց իշխանությունների համաձայնությամբ և թողտվությամբ, որովհետև ընտրությունները, ցավոք սրտի, պարբերաբար կրկնվելու ավանդույթ ունեն։ Առաջիկայում ևս գալու են ընտրություններ, և ահա այդ խոշորները հերթական անգամ պետք են գալու ընտրությունները կեղծելու համար։

Չպետք է հարցը հետաձգել, թե մինչև ամառ տեսնենք՝ հետո ինչ է լինելու։ Հետոն ավելի վատ է լինելու այս իշխանության վարած քաղաքականության պատճառով։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը