Մեկնաբանություն

05.10.2009 22:05


Հանրային քննարկումնե՞ր, թե՞ հանրային «լապշաներ»

Հանրային քննարկումնե՞ր, թե՞ հանրային «լապշաներ»

Օգոստոսի 31-ին հրապարակվեցին Հայաստանի և Թուրքիայի միջև երկկողմ հարաբերությունների հաստատման մասին նախաստորագրված արձանագրությունները: Արձանագրությունների հետ մեկտեղ հրապարակվեց գործողությունների ժամանակացույցը՝ համաձայն որի հանրային քննարկումներին հատկացվում էր վեց շաբաթ, այնուհետև արձանագրությունները պետք է ներկայացվեն երկու երկրների խորհրդարանների վավերացմանը:

Մի կողմ թողնելով արձանագրությունների վերաբերյալ տեսակետները՝ անդրադառնանք «հանրային քննարկումերին», որոնք, ի դեպ, բավական ակտիվ են անցնում Թուրքիայում: Որքանո՞վ էին դրանք հանրային մեզ մոտ, և արդյո՞ք մի քանի ասուլիսները, ՀՀ ԳԱԱ-ում դռնփակ լսումները և հանրային խորհրդի «ադաբրյամսը» կարելի է քննարկումներ համարել:

Մամուլի ասուլիսներն անց էին կացվում մեկը մյուսի հետևից, սակայն դրանցում գերիշխում էին իշխանական թևի թեզերը պաշտպանող տեսակետները՝ զուրկ լուրջ վերլուծական նյութից և հիմնավորումներից։

Նույնիսկ հսկայական Գիտությունների ակադեմիայում Է.Նալբանդյանը չհանդիպեց տարակարծության՝ բացառությամբ 2-3 հոգու: Ցավոք, այսպիսին են այսօր մեր գիտնականները: Հանրային խորհրդին նույնիսկ անդրադառնալ չեմ ցանկանում, որի անդամների հետ հանդիպման ժամանակ ՀՀ նախագահը «շատ բարձր դիրքերից» «մեծ ախպոր կարգավիճակով» բացատրական աշխատանքներ էր տանում՝ հերթական անգամ կրկնելով այն, ինչն ամբողջ օրը քարոզվում է հեռուստատեսությամբ: 

Հոկտեմբերի 1-ին քննարկումներ էին կազմակերպվել նաև ՀՀ Ազգային ժողովում։ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախաձեռնությամբ տեղի ունեցան լսումներ «Նախաստորագրված արձանագրությունները և Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը» թեմայով։

Ազգային ժողովի նիստերի դահլիճը բավական լեցուն էր, ելույթ ունեցողների ցանկն էլ բավական մեծ՝ մոտ վեց տասնյակ։ Մինչ լսումների սկիզբը մթնոլորտը բավական անկաշկանդ էր. բոլորն իրար ձեռք էին սեղմում, ժպտում և այլն։ Սկզբնական ելույթները ևս ընթացան հանգիստ մթնոլորտում։ Մի թևը ներկայացնում էր հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման բուն գործընթացի և արձանագրությունների վերաբերյալ իրենց մտահոգությունները, մյուս թևը նշում էր դրանց դրական կողմերը և այսպես շարունակ։

Բազմիցս ասվել է նաև, որ արձանագրություններում չի նշվում ղարաբաղյան հակամարտությունը, և որ դա հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ փոխկապակցված չէ: Հետաքրքիր է, թե այդ ո՞ր նախագահը կստորագրեր կամ կնախաստորագրեր մի փաստաթուղթ, որտեղ ուղղակիորեն նշված կլիներ ղարաբաղյան հակամարտության մասին: Այդ դեպքում ի՞նչ են նշանակում արձանագրության հետյալ կետերը. «Վերահաստատելով իրենց հանձնառությունը տարածաշրջանային և միջազգային վեճերի և հակամարտությունների խաղաղ կարգավորմանը' միջազգային իավունքի նորմերի և սկզբունքների հիման վրա», «Վերահաստատելով հավասարության, ինքնիշխանության, այլ պետությունների ներքին գործերին չմիջամտելու, տարածքային ամբողջականության և սահմանների անխախտելիության սկզբունքները՝ հարգելու իրենց երկկողմ և բազմակողմ պարտավորությունները»: Այդ ի՞նչ տարածաշրջանային ու միջազգային վեճերի և հակամարտությունների մասին է խոսքը, եթե ոչ Լեռնային Ղարաբաղի, և ինչո՞ւ տարածքային ամբողջականության սկզբունքի կողքին չի նշվում նաև ազգերի ինքնորոշման սկզբունքը: 

Հոկտեմբերի 1-ից մեկնարկել է Սերժ Սարգսյանի համահայկական շրջագայությունը դեպի Սփյուռքի խոշորագույն գաղթօջախներ։ Միգուցե Սփյուռքն ավելի համոզիչ և հաստատակա՞մ գտնվի: Եվ, որքան էլ ցավալի է, որ օտար երկրում քո՛ իսկ հայրենակիցներն այդպես են դիմավորում քո՛ իսկ նախագահին, միգուցե հենց դա՛ է վերջին հույսը:

Այսօր նաև շատ սխալ է հարցադրումը՝ դե՞մ եք սահմանների բացմանը և հարաբերությունների հաստատմանը: Ո՛չ, դեմ չե՛նք: Սակայն եկեք ծանր ու թեթև անենք եղածն ու չեղածը և այդ ամենի գինը: Ինչո՞ւ գնալ մի քայլի, որը չգիտես, թե ի՞նչ է տալու և տալո՞ւ է արդյոք:

Եթե իսկապես նպատակը հարաբերությունների կարգավորումն էր, դրանք  ինչ-որ փաստաթղթերով ամրագրելով՝ բավական կլիներ 3 կետերից բաղկացած մեկ էջանոց փաստաթուղթը, որտեղ գրված կլիներ, որ երկու երկրները որոշում են դիվանագիտական հարաբերություններ հաստատել, Թուրքիան բացում է սահմանը (դրանով իսկ կատարելով իր պարտավորությունը), որոշում է ընդունվում կարգավորել երկու երկրների միջև առկա խնդիրները՝ կոնկրետ կետերի մատնանշումը և պայմանագրերի ընդունումը թողնելով հետագային: Նման փաստաթուղթը տարակարծությունների առիթ չէր դառնա ո՛չ Թուրքիայում, ո՛չ Հայաստանում:

Արփի Բեգլարյան

Այս խորագրի վերջին նյութերը