Քաղաքական

02.02.2015 16:19


ԱԺ նախագահի մոտ Հովիկ Աբրահամյանի և խմբակցությունների քննարկման արդյունքները (տեսանյութ)

ԱԺ նախագահի մոտ Հովիկ Աբրահամյանի և խմբակցությունների քննարկման արդյունքները (տեսանյութ)

Ինչպես հայտնել էինք, այսօր ԱԺ էր ժամանել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը։ Նրա և բոլոր խմբակցությունների մասնակցությամբ ՀՀ ԱԺ նախագահի աշխատասենյակում տեղի ունեցած քննարկումից հետո «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը լրագրողներին ասել է, որ ոչիշխանական խմբակցությունները ստորագրահավաք էին սկսել «Շրջանառության հարկի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու պահանջով արտահերթ նիստ հրավիրելու համար։

–Չնայած քննարկում անցկացնելու մեր առաջարկը մերժվեց, բայց ողջամտությունը հաղթեց, և հրավիրվեց այդ խորհրդակցությունը, որտեղ հաջողվեց ընդհանուր եզրեր գտնել: Որոշվեց հաջորդ քառօրյայում քննարկման դնել այս հարցը, իսկ այսօրվա արտահերթ նիստը հետաձգել մինչև հաջորդ քառօրյա: Մոտեցումների միջև բավական ընդհանրություններ կան, և մենք գտնում ենք, որ կարող ենք այդ ընդհանուր մոտեցումներով ներկայանալ հաջորդ քառօրյային: Նաև ընդգծեցինք, որ եթե հաջորդ քառօրյային մենք ընդհանուր մոտեցումներ չձևավորենք, ապա կրկին նախաձեռնելու ենք արտահերթ նիստ։ Գլխավոր հարցն այն է, որ առաջարկվում է կամովին մոտեցում, այսինքն՝ փաստաթղթավորումը լինի կամավոր,-ասել է Ռ. Հակոբյանը:

«7օր»–ի հարցին՝ մտավախություն չկա՞, որ Կառավարությունը հերթական «փափուկ բարձն» է դնում, Ռ. Հակոբյանն արձագանքել է.

–Շատ ճիշտ եք. տառապանքի փորձով՝ միշտ, երբ փորձել ենք համաձայնության գալ, ստացվել է, որ փափուկ բարձ են դրել, դրա համար էլ հիմա ժամկետ ենք ֆիքսել՝ մինչև հաջորդ քառօրյա։

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն էլ նշել է, որ մինչև հուլիսի 1–ն օրենքի կիրառումը հետաձգելու Կառավարության որոշումն ընդամենը ժամանակ ձգել է։

–Այն որևէ կերպ չի կարգավորում խնդիրը։ Ուստի այսօր քննարկման ժամանակ մենք առաջարկեցինք շատ կարճ ժամկետում, այն է՝ մինչև հաջորդ քառօրյա, մեր առաջարկը դնել քննարկման։ 4 քաղաքական ուժերն ունեն արդեն պատրաստի նախագիծ, թե մենք ինչ կերպ ենք տեսնում հարցի կարգավորումը, որը քննարկել ենք փոքր ու միջին ձեռնարկատերերի հետ, և հիմնական մեխը կամավորության սկզբունքն է։ Բնականաբար, մենք մեր սկզբունքները չենք զիջելու, և մեր մոտեցումները այս երկշաբաթյա քննարկման արդյունքում հենված են լինելու բացառապես այդ սկզբունքների վրա։ Կգա՞նք կոմպրոմիսի՝ շատ լավ, չե՞նք գա կոմպրոմիսի՝ հաջորդ քառօրյային արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը մեր հիմնավորումներով մնում է ուժի մեջ,–նշել է Ն. Զոհրաբյանը։

Քննարկման ավարտից հետո ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը ընդամենը մեկ նախադասություն է ասել. «Անում ենք ամեն ինչ, որ ժողովրդի համար լավ լինի»։

Մանրամասները՝ «7օր»–ի տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը