Լրահոս

02.02.2015 14:23


Հ. Նաղդալյան. «Որևէ արձագանք Սերժ Սարգսյանի կողմից չեմ տեսել, չեմ լսել դեռևս»

Հ. Նաղդալյան. «Որևէ արձագանք Սերժ Սարգսյանի կողմից չեմ տեսել, չեմ լսել դեռևս»

Ինչպես հայտնել էինք, ԵԽԽՎ–ում հայաստանյան պատվիրակությունը ձեռնպահ էր քվեարկել ՌԴ–ին ձայնի իրավունքից զրկելուն։ Այսօր ՀՀ ԱԺ–ում հրավիրված մամուլի ասուլիսում ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության ղեկավար Հերմինե Նաղդալյանն իրենց այդ քվեարկությունը շատ ճիշտ է համարել։

Մեր քվեարկությունն ուղղորդված չէր որևէ մեկի կողմից, այլ քվեարկություն էր, որը բխում էր այդ պահին այնտեղ ստեղծված իրավիճակից։ Տեղում, երբ որ իրավիճակը նայում ես, և տեսնում ես, թե ինչպես են ընթանում բոլոր «պապռավկաների» քվեարկությունները, հասկանում ես, որ մեր փոքրաթիվ պատվիրակության քվեարկությունով այդ իրավիճակը չէր փոխվելու, և մեր քվեարկությամբ օգնած չէինք լինելու ՌԴ–ին։ Դեմը և ձեռնպահը այն քվեարկություններն էին, որոնք կողմնակից չեն եղել ՌԴ–ին ձայնի իրավունքից զրկելուն,–հայտարարել է Հ. Նաղդալյանը։

«7օր»–ի հարցին՝ հայաստանյան պատվիրակության ձեռնպահ քվեարկությունը Բաղրամյան 26–ի հետ համաձայնեցվա՞ծ էր, Հ. Նաղդալյանը պատասխանել է.

–Ես արդեն ասացի, որ պարզապես տեղում իրավիճակային քվեարկություն էր։ Այդ պահին եթե ուզենայիր էլ, որևէ մեկի հետ որևէ բան չէիր կարող պայմանավորվել։ Դա պարզապես տրամաբանական որոշում էր։

«7օր»–ի հաջորդ հարցին, թե անձամբ Սերժ Սարգսյանն ինչպե՞ս է արձագանքել հայաստանյան պատվիրակության այդկերպ քվեարկությանը, Հ. Նաղդալյանը նախ փորձել է խուսանավել, սակայն երկրորդ անգամ այն պնդելուց հետո պատասխանել է.

–Մենք խորհրդարանական պատվիրակներ ենք, որոնք Ստրասբուրգում աշխատել են այդ դաշտում։ Որևէ արձագանք Սերժ Սարգսյանի կողմից չեմ տեսել, չեմ լսել դեռևս։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը