Քաղաքական

31.01.2015 13:43


Վահան Բաբայան. «Ամեն ինչ կախված է հասարակության պայքարից» (տեսանյութ)

Վահան Բաբայան. «Ամեն ինչ կախված է հասարակության պայքարից» (տեսանյութ)

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահան Բաբայանն անդրադարձել է «Շրջանառության հարկի մասին» խնդրահարույց օրենքին և ձեռնարկատերերի բողոքին, որոնք պահանջում են կասեցնել օրենքը։

–Հայաստանի Հանրապետությունում օրենքներն առաջին հերթին պետք է բխեն մարդկանց շահերից, այլ ոչ թե փորձեն մարդկանց նվաստացնել, կամ ստեղծել պրոբլեմներ նրանց համար,-ասել է պատգամավորը՝ հավելելով, որ Կառավարությունը չհասկացավ, որ այս օրենքը վնաս է հասցնում տնտեղության ողնաշարին, այսինքն՝ փոքր ու միջին ձեռնարկատիրությանը։
Վահան Բաբայանի խոսքով՝ իշխանությունը պետք է ամեն կերպ ձգտի աջակցել ձեռնարկատիրության զարգացմանը, ազատ շուկայական հարաբերությունների հաստատմանը․

–Հայաստանին այսօր օդ ու ջրի պես անհրաժեշտ են ազատ տնտեսություն, ազատ շուկայական հարաբերություններ, անհրաժեշտ է հարկերի իջեցում, անհրաժեշտ են լուրջ քայլեր, որոնք կկարողանան բիզնեսն առաջ մղել, այլ ոչ թե պրոբլեմներ ստեղծեն, որ մարդիկ չկարողանան իրենց առօրյա, օրհասական հացի փողն աշխատել, -ասել է Վ․ Բաբայանը։
Վահան Բաբայանը նշել է, որ կա այս խնդրի լուծման երկու տարբերակ՝ անհրաժեշտ է կա՛մ կասեցնել «Շրջանառության հարկի մասին» նոր օրենքը և գործել հին օրենքով՝ առանց պարտադիր փաստաթղթավորման, կա՛մ մշակել նոր օրենք՝ հիմքում ունենալով կամավորության սկզբունքը և շրջանառության շեմի բարձրացումը։ Վահան Բաբայանը հիշեցրել է՝ նախորդ անգամ՝ դեռ անցած տարվա աշնանը, նմանատիպ նիստը տապալվեց ՀՀԿ-ի բոյկոտի պատճառով։ Այն ժամանակ Կառավարությունը կիրառեց «փափուկ բարձի» քաղաքականություն և խոստումներ տալով՝ փորձեց ժամանակ շահել՝ իրականում չգնալով զիջումների։ Պատգամավորը մտահոգություն է հայտնել, որ այս անգամ էլ իշխանությունները կարող են դիմել նման քայլի։
Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե հնարավո՞ր է արդյոք, որ ԲՀԿ-ն կամ ոչիշխանական «եռյակը» պահանջեն Կառավարության ղեկավարի հրաժարականը՝ Վահան Բաբայանը նշել է, որ ԲՀԿ-ն կաշկանդված չէ որևէ պաշտոնյայի հրաժարականը պահանջելու հարցում։ Միաժամանակ, պատգամավորը հույս է հայտնել, որ Կառավարությունը խոհեմություն կդրսևորի, և համագործակցելով Ազգային ժողովի հետ՝ կկարողանա լուծել այդ խնդիրը։

–Ամեն ինչ կախված է մեր հասարակության պայքարից. երկուշաբթի կերևա, թե ինչքանով են պատրաստ «փափուկ բարձի» կամ խելոք խոսքերի հետևից գնալուն, թե կոնկրետ գործողություններ անելու ուղղությամբ,-ընգծել է Վահան Բաբայանը։

Աղբյուրը՝ Zham.am

Այս խորագրի վերջին նյութերը