Կարծիք

31.01.2015 11:09


Մի բան ասելուց առաջ մի պահ գոնե մտածե՛ք

Մի բան ասելուց առաջ մի պահ գոնե մտածե՛ք

Արդեն քանի օր է, ինչ փոքր և միջին ձեռնարակատիրությունների ներկայացուցիչները բողոքի ակցիաներ են կազմակերպում «Շրջանառության հարկի մասին» օրենքը կասեցնելու ուղղությամբ։
Առաջին հայացքից թվում էր, թե իշխանությունները լավ գաղափար են առաջ քաշել, սակայն, ինչպես պարզվում է, նպատակը բոլորովին այլ է՝ իշխանությունները փորձում են խոշոր ձեռնարկատերերին փոքրների հաշվին բերել համապատասխան դաշտ, որը, բոլորին է հայտնի, գրեթե անհնար է։
Ինչպես միշտ, այս անգամ էլ իշխանավորները «գլխից բռնելու» փոխարեն՝ ընկել են հանապազօրյա հացը մի կերպ վաստակողների հետևից։
Այս համատեքստում ուղղակի զարմանալի է ՀՀԿ-ական պատգամավոր, ընդմիշտ երիտասարդ Կարեն Ավագյանի արձագանքը՝ կապված ԲՀԿ-ականների միացմանը ՓՄՁ ներկայացուցիչներին։
ԲՀԿ-ականներին մեղադրելու և անուն կպցնելու փոխարեն՝ լավ կլիներ, որ իշխանավորները և նրանց թվացյալ պաշտպաններն այնպիսի պայմաններ ստեղծեին, որ այսօր մարդիկ ստիպված չլինեին հայտնվել փողոցում, և այդ միջոցով վերականգնել իրենց իրավունքները։
Հայաստանի Հանրապետության քաղաքացիների սոցիալական վիճակի համար թիվ մեկ պատասխանատուները դո՛ւք եք, պարոնա՛յք, այնպես որ, մի բան ասելուց առաջ մի պահ գոնե մտածեք։ Եվ եթե շատ եք նեղվում ԲՀԿ ներկայացուցիչների ներկայությունից, ապա դուք էլ, որպես պատգամավորներ, գնացե՛ք և տեղում լսեք առևտրականների խնդիրների մասին, այլ ոչ թե տաքուկ կաբինետներից փնովեք այն ուժին, որի ներկայացուցիչներն այսօր կանգնած են խնդիր ունեցող քաղաքացիների կողքին։

Մարթա Ամիրբեկյան

Այս խորագրի վերջին նյութերը