Լրահոս

31.01.2015 08:27


Այսօր Ս. Սարգիս զորավարի տոնն է՝ Երիտասարդների օրհնության օրը

Այսօր Ս. Սարգիս զորավարի տոնն է՝ Երիտասարդների օրհնության օրը

Ս. Սարգիս զորավարի տոնը հռչակվել է Երիտասարդների օրհնության օր: Այս տարի այն նշվում է հունվարի 31-ին:
Ս. Սարգիս զորավարը իր որդու` Մարտիրոսի և 14 քաջ մարտիկների հետ նահատակվել է հանուն քրիստոնեական հավատքի:

Արիության համար Ս. Սարգիսը Մեծն Կոստանդիանոս կայսեր (285-337) կողմից կարգվում է իշխան և սպարապետ` Հայաստանին սահմանակից Կապադովկիայում:

Նա ոչ միայն գերազանց սպարապետ էր, այլև հիանալի քարոզիչ:

Օգտվելով կայսեր հոժարությունից` իր իշխանության տակ գտնվող քաղաքներում քանդում է մեհյաններ, կառուցում եկեղեցիներ, տարածում քրիստոնեությունը:

Երբ Հուլիանոս Ուրացողի թագավորության օրոք (360-363) սկսվում են Քրիստոսի եկեղեցու հալածանքները, Ս. Սարգիսը, աստվածային հայտնությամբ հրաման առնելով հեռանալ կայսրության սահմաններից, իր որդի Մարտիրոսի հետ գալիս, ապաստանում է քրիստոնյա Հայաստանում, ուր թագավորում էր Տիրան արքան` Մեծն Տրդատի թոռը` Խոսրովի որդին:

Տեղեկանալով, որ Հուլիանոսը մեծ զորքով շարժվում է Պարսկաստանի վրա, Հայոց արքան, ձգտելով իր երկիրը զերծ պահել հարձակման վտանգից, հորդորում է Սարգսին ծառայության անցնել Շապուհի մոտ:

Շապուհը սիրով ընդունում է Ս. Սարգսին և նշանակում նրան զորագնդերի հրամանատար: Զորականներից շատերը, տեսնելով փայլուն զորավարի բարեպաշտությունն ու վարքով վկայած նվիրումն առ Աստված, իր աղոթքներով Տիրոջ գործած հրաշքները, հրաժարվում էին հեթանոսությունից և դառնում քրիստոնյա:

Սակայն Շապուհը պահանջում է նրանից պաշտել կրակը և զոհ մատուցել:

Զորավարն անմիջապես մերժում է այն` ասելով. «Երկրպագելի է մեկ Աստված` Ամենասուրբ Երրորդությունը, Ով ստեղծել է երկինքն ու երկիրը: Իսկ կրակը կամ կուռքերը ի բնե աստվածներ չեն, հողեղեն մարդը դրանք կարող է փչացնել»:

Այդ խոսքերից հետո Ս. Սարգիսը կործանում է բագինը: Զայրացած ամբոխը հարձակվում է Ս. Սարգսի և նրա որդու վրա:

Առաջինը նահատակության պսակն ընդունում է նրա որդին` Մարտիրոսը: Ս. Սարգիսը բանտարկվում է և աներեր մնալով իր հավատքի մեջ` գլխատվում:

Նահատակվելուց հետո Ս. Սարգսի մարմնի վրա լույս է ծագում:

Քրիստոնեական հավատքի համար նահատակվում են նաև Ս. Սարգսին հավատարիմ տասնչորս զինվորները:

Հավատացյալները նահատակների մարմիններն ամփոփում են Համիան քաղաքում:

Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետը Ս. Սարգսի մասունքները բերում է Ուշի (Աշտարակի շրջան)` տեղում կառուցելով երանելու անունը կրող եկեղեցի:

Ս. Սարգիս Զորավարի տոնը Հայաստանում ընդունված է նշել ոչ միայն եկեղեցական ծեսով, աղոթքով, այլև ժողովրդական սովորույթներով։

Ս. Սարգսի տոնին նախորդում է Ս.Գրիգոր Լուսավորչի կողմից հաստատված Առաջավորաց պահքը: Պահքը տևում է հինգ օր` հունվարի 14-18-ը:

Ս. Սարգսի տոնին նախորդող գիշերը երիտասարդներն աղի բլիթ են ուտում, որի հետ կապում են իրենց փեսացուի կամ հարսնացուի երազահայտնությունը:

Այդ օրը հիշատակելի սովորություններից է փոխինդով մատուցարանը դնել տան տանիքին կամ պատշգամբին և սպասել Ս. Սարգիս զորավարի ձիու պայտի հետքին: Ըստ ավանդույթի` Ս. Սարգիսը պետք է հրեշտակների ուղեկցությամբ անցնի և ում մատուցարանի մեջ դրված ալյուրի կամ փոխինդի մեջ թողնի իր սպիտակ (մաքրություն, անաղարտություն է խորրհրդանշում) ձիու պայտի հետքը, այդ տարի կիրականանա հավատացյալի երազանքը: Տոնի առթիվ սիրահարված երիտասարդները միմյանց բացիկներ և քաղցրավենիք են նվիրում: Տոնի օրը Ս.Սարգիս Զորավարի անունը կրող եկեղեցիներում մատուցվում է Ս. Պատարագ, որից հետո կատարվում է երիտասարդների օրհնության կարգ:

Այս խորագրի վերջին նյութերը