Կարծիք

30.01.2015 14:31


Երբ իշխանությունն է աջակցում «5-րդ շարասյանը», պետականությունը վտանգվում է

Երբ իշխանությունն է աջակցում «5-րդ շարասյանը», պետականությունը վտանգվում է

Ադրբեջանական ԶԼՄ-ն վերջին օրերին ապատեղեկատվություն էր տարածել, թե, իբր, իրենք ոչնչացրել են հայկական անօդաչու թռչող սարք: Հայկական կողմի արձագանքը չուշացավ, և ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը հերքեց ադրբեջանական այդ ապատեղեկատվությունը: Սակայն Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը թվիթերյան իր էջում անդրադառնալով այս ապատեղեկատվությանը՝ նշել է, որ անօդաչու սարքերի գործածումը սադրանք է, ու կողմերը պետք է զերծ մնան նման քայլերից:
Ակնհայտ է, որ իր գրառումը կատարելիս Ուորլիքն ընդհանրապես հաշվի չի առել հայկական կողմի տարածած պարզաբանումը, ու հիմնվել է միայն ադրբեջանցիների հեղինակած ինֆորմացիայի վրա: Հետաքրքիրն այստեղ նաև այն է, որ երբ ադրբեջանական կողմն իրականում օգտագործել էր անօդաչու սարքեր մեր օդային տարածք ներխուժելու համար, ամերիկացի համանախագահն այսքան չէր նեղսրտել: Հետաքրքիրը նաև այն էր, որ պաշտոնական Երևանը չի արձագանքում Ուորլիքի նմանօրինակ գրառումներին, և դրանով թույլ է տալիս, որ ադրբեջանական ապատեղեկատվությունը տարածվի ամենաբարձր մակարդակներով: Ուշագրավ է նաև այն, որ հայկական, այսպես կոչված, «արևմատմետ» ԶԼՄ-ն նույնպես չի արձագանքում Ուորլիքի այս բացահայտ ադրբեջանամետ դիրքորոշմանը, և իրենից պատասխան չի պահանջում հակահայկական բնույթ կրող գրառման համար: Չնայած, մեծ հաշվով, զարմանալ այս իրավիճակում պետք չէ, քանզի այդ նույն արևմտամետ ԶԼՄ-ն խրախուսվում ու ղեկավարվում է Բաղրամյան 26-ի կողմից, և պարզ է, որ այս իրավիճակում իրենք չեն կարող հայամետ դիրքորոշում ունենալ:
Այսպես կոչված՝ «արևմատմետ» ԶԼՄ-ն շատ դեպքերում կատարում է «5-րդ շարասյան» գործառույթը, ինչի վառ ապացույցը եղան Գյումրիի դեպքերը, երբ արևմտամետները «սամասուդ» էին պահանջում, ու գրեթե հրճվում սպանությունից, քանզի դրա հեղինակը ռուս զինվորական էր: Այս մարդկանց դիրքորոշումները և աշխարհայացքն ընդհանրապես կապ չունի հայկական պետականության ու հայ ժողովրդի շահերի հետ:
Իսկ երբ իշխանությունն է աջակցում «5-րդ շարասյանը», պետությունը վտանգվում է: Եվ այս իրավիճակում պատասխանատվության ավելի մեծ բեռ է ընկնում ընդդիմության վրա, որը պարտավոր է միավորվել, հստակ գործողությունների ճանապարհային քարտեզ մշակել, ու գործել, որպեսզի Հայաստանում վերջապես հայամետ իշխանություն ձևավորվի, որը չի աջակցի պետականության դեմ պայքարող «5-րդ շարասյանը»:

Արսեն Գևորգյան

Այս խորագրի վերջին նյութերը